Apr 15, 2011

«Առավոտ». Սփյուռքի նախարարը հայրենանվեր գործ կանի, եթե «Մեկ ազգ, մեկ մշակույթ» նախագիծը փակի

Թերթն իր խմբագրականում գրում է. «Երբ ես ուզում եմ անցնել փողոցը եւ տեսնում եմ, որ 10-ից 3 հոգին սպասում է, մինչեւ հետիոտների համար լույսը «կանաչի», իսկ 7-ը վազում են կարմիր լույսի տակ, ես եզրակացնում եմ. «Այս 3-ը իմ մշակույթի մարդիկ են, իսկ այն 7-ը՝ ոչ»։ (Ի դեպ, եթե այդ հարաբերակցությունը չփոխվի, նույնիսկ 40 հատ իշխանափոխությունից հետո մեր երկիրը կմնա աղքատ եւ անօրեն)։ Կանաչ լույսի տակ անցնող ադրբեջանցին ինձ մշակութային առումով ավելի մոտ է, քան կարմիրի տակ վազող հայը։ Սակայն մենք ադրբեջանցու հետ տարբեր ազգեր ենք ներկայացնում՝ այնքան տարբեր, որ եթե, Աստված մի արասցե, հակադիր խրամատներում հայտնվենք, կարող ենք իրար վրա կրակել։ Գլենդեյլից այստեղ եկող ռաբիսը եւ նրա երգերը լսող երեւանցի ռաբիսը, անշուշտ, նույն մշակույթի կրողներն են։ Բայց այդ մշակույթը վերագրել ամբողջ ազգին՝ չի կարելի։

Մի խոսքով, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսը կեղծ է, շինծու։ Հայերի, ինչպես նաեւ բոլոր այլ ազգերի մեջ կան հսկայական մշակութային տարբերություններ։ Մշակույթը մեզ չի կարող միավորել, այն մեզ բաժանում է։ Կրոնը, հավատքը՝ մույնպես, ցավոք, չեն կարող դառնալ միավորող գործոն, ինչպես որ դա հրեաների մոտ է։ Ոչ բոլոր հայերը, եթե նույնիսկ մկրտված են եւ որոշակի ծեսեր են պաշտպանում, քրիստոնեական արժեքների կրողներ են։ Մայրենի լեզուն, թերեւս, այդպիսի միավորող դեր կարող է խաղալ։ Այստեղ շատ բան կախված է մեզնից, նկատի ունեմ՝ Հայաստանի Հանրապետությունից։ Մենք պետք է փայփայենք մեր պետական լեզուն, ոչ թե էլիտար օտարալեզու դպրոցներ ստեղծենք»։ Խմբագրականի հետագա տողերում կարդում ենք. «Ես չգիտեմ, թե ինչով է ավարտվելու Թամար Պողոսյան-Հրանուշ Հակոբյան «փոխհրաձգությունը»։ Հուսով եմ, դատարանը կպարզի եւ ճիշտ որոշում կընդունի։ Բայց տիկին Հակոբյանը շատ մեծ հայրենանվեր գործ կանի, եթե «Մեկ ազգ, մեկ մշակույթ» նախագիծը ընդհանրապես փակի։ «Տաշի-տըմբլ» խմբերը Հայաստանում առանց Սփյուռքի էլ են լիքը»։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites