Այժմ էլ մամուլում սկսել են շրջանառվել Երվանդ Զախարյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը: Ընդ որում, պարբերաբար: Դեռ մի քանի օր առաջ այս մասին հրապարակում էր եղել, ըստ որի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել, էր, որ առաջիկայում զբաղվելու են կադաստրի ոլորտով, քանի որ այնտեղ առկա են լուրջ կոռուպցիոն ռիսկեր:
Այսօր մամուլում տեղ գտած հրապարակման մեջ նշվում է, որ կադաստրի մասին հայտարարություններ է արել նաև նախագահ Սերժ Սարգսյանը: ԵՎ արդյուքում Երվանդ Զախարյանը հայտնվել է լուրջ ցայտնոտի մեջ: Ըստ լուրերի, նա շտապ խորհրդակցության է հրավիրել ապարատի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին և զգուշացրել, որ կտրականապես արգելում է առաջիկա շրջանում համակարգում գումարների ապօրինի շրջանառությունը։ Եվ նաև ավելացրել, որ այն տարածքային ծառայության պետերը, ում ենթակաները կհամարձակվեն ապօրինաբար գումար պահանջել ծառայությունների դիմաց, անհապաղ կհեռացվեն աշխատանքից։
Պարզապես զարմանալի է: Առաջին հայացքից Երվանդ Զախարյանի նման վճռական մոտեցումը կարող է ծիծաղ առաջացնել, քանի որ սա ընդամենը ցայտնոտի, մոտալուտ պաշտոնանկության զգացողության արդյունք է: Եվ դեռ նույնիսկ զարմանալի է, թե ինչպես Զախարյանի առողջությունը կտրուկ չի վատացել և նրան անմիջապես չեն տեղափոխել հիվանդանոց, ինչպես շատերի դեպքում էր լինում:
Իսկ ամենից ցավալին այն է, որ, փաստորեն, միայն սպասվող ստուգումների շեմին է նման հրահանգ տրվում կադաստրի պետի կողմից: Ստացվում է այսպես. «Գալու են ստուգումներ անցկացնեն, որևէ մեկը ապօրինի գումարային շրջանառություններ չանի»: Իսկ եթե չգային, ուրեմն կարելի էր: Ցավոք, այս մտածելակերպը շատ ոլորտներում է տիրում, և միայն առաջիկայում սպասվող ստուգումներն են մի պահ զգաստացնում ոլորտի ղեկավարին, իսկ դրանց բարեհաջող ավարտից հետո նորից սկսվում է ամենաթողությունը: