Երեկ կեսօրին հրդեհ էր բռնկվել Հրազդանի կիրճում գտնվող հայտնի «Փարվանա» ռեստորանում: Հրդեհներ երեկ եղել են նաև մայրքաղաքի այլ հատվածներում, մասնավորապես Ծիծեռնակաբերդի «Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի» հարակից տարածքում և Երևանի Աճառյան փողոցում գտնվող «Ֆլեշ» նավթամթերային բազայի տարածքում:
Բայց այս հրդեհներից որևէ մեկը այնպիսի ուշադրության չարժանացավ, ինչպես «Փարվանա» ռեստորանի դեպքում: Այն նույնիսկ մեծ արձագանք ստացավ սոցցանցերում: Պատճառներից առաջինը այն էր, որ «Փարվանան» ողջ Հայաստանի մասշտաբով բավականին հայտնի ժամանցի վայր է, նաև «ռաբիզ» երաժշտության իր հայտնի կատարողներով, և երկրորդ, յուրաքանչյուր հայ գիտի, որ այս ռեստորանը պատականում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին:
Ընդհանրապես ընդունված չէ ուրիշի դժբախտության վրա ծիծաղել, բայց երեկ ամբողջ ինտերնետային համայնքը յուրահատուկ հրճվանքով էր պատմում, գրում և քննրակում այս մասին:
Պատճառը, թերևս, պարզ է և սրանում մեղադրել հենց հրճվող զանգվածին հանրավոր չէ: Ինչպես ասում են, յուրաքանչյուր անձ, մանավանդ, հայտնի գործարար, ինքն է ձևավորում իր տեսակը, կերպարը հասրակության աչքերում: Այնինչ, Սամվել Ալեքսանյանի դեպքում առաջանում են միայն մենաշնորհների, կեղծված օղիների և իրեն պատկանող սննդամթերքի ոլորտներում անընդհատ գնային բարձրացումների վերաբերյալ ասոցիացիաներ:
Եվ այսքանից հետո նեղանալ, որ մարդիկ ծիծաղում են ինչ-որ մեկի դժբախտության վրա, հնարավոր չէ:
Ի դեպ նշենք, որ նույն այս հրդեհը քննարկելիս, սոցցանցերում արդեն կարծքիներ էին շրջանառվում, որ մոտ օրերս նորից կթանկանան ալյուրի և շաքարավազի գները, որպեսզի սույն գործարարը կարողանա ծածկի հրդեհից առաջացած վնասները:
Հ.Գ. Նշենք, որ Տնտեսական մրցակցության պահպանման պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) երեկ հայտարարել է, որ ստուգումներ է սկսում շաքարավազի շուկայում: