«Սպորտ Էքսպրեսն Ուկրաինայում» թերթի թղթակիցները և Ուկրաինայի վաստակավոր մարզիչ Վյաչեսլավ Գրոզնին «Նոու Կամպում» այսօր Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակներում կայանալիք «Բարսելոն»-«Շախտյոր» հանդիպման նախօրեին վերլուծել են թիմերի խաղային ներուժը` յուրաքանչյուր խաղացողին գնահատելով 10 բալանոց համակարգով:
«Սպորտ Էքսպրեսն Ուկրաինայում». Խավի (8,5)-Մխիթարյան (6,0)
«Խավին, ինչպես և «Բարսելոնի» շատ այլ խաղացողներ, ֆիզիկական լուրջ տվյալներ չունի, բայց այդ ֆուտբոլիստի գլուխն «ամենալուսավորներից» մեկն է ողջ համաշխարհային ֆուտբոլում: Նա տեսնում է թիմակիցների ցանկացած պոկումը տեղից, նույնիսկ աննշան թվացող շարժումը: Տպավորություն է ստեղծվում, որ Խավին խաղը ենթագիտակցորեն է զգում: Տպավորում է նաև նրա` գնդակը թանկ գնահատելու ձգտումը: Վերջերս մեր աչքին մի վիճակագրություն ընկավ. պարզվում է` Խավին ու Ինյեստան «Արսենալի» հետ տնային խաղում ավելի շատ են ճիշտ փոխանցումներ կատարել, քան բոլոր լոնդոնցիները` միասին: Հենրիխ Մխիթարյանին շատ են գովում, բայց, թվում է, ներբողներ երգելու ժամանակը դեռ չի եկել: Դոնեցկի «Մետալուրգում» հայ կիսապաշտպանը գործում էր հարձակման գծին մոտ, իսկ «Շախտյորում» ավելի շատ խաղում է պաշտպանությունում, ինչն այնքան էլ հաճախ չի ստացվում: Օրինակ` հիշում ենք նրա սխալները «Ռոմայի» հետ տնային խաղում, երբ Հենրիխը 11 մետրանոց հարվածի պատճառ դարձավ: Փառք Աստծո, Պյատովը փրկեց»: «Իլյիչևեցի» հետ վերջին խաղում էլ նա մրցակցին գոլային փոխանցում կատարեց: Սակայն անվիճելի է, որ Մխիթարյանը կարող է դառնալ բարձրակարգ ֆուտբոլիստ,- նշում են լրագրողները:
Վյաչեսլավ Գրոզնի. Խավի (8,5)-Մխիթարյան (7,0)
«Խավիի գնահատականի հարցում ես համամիտ եմ թերթի աշխատակիցների հետ, իսկ ահա Մխիթարյանը, իմ կարծիքով, ավելի բարձր գնահատականի է արժանի: Հենրիխը Հայաստանի ազգային հավաքականի կազմում հիանալի հանդիպում անցկացրեց Ռուսաստանի ընտրանու հետ, և զգացմունքային առումով այժմ նա գերազանց վիճակում է: Անկասկած, խաղադաշտի կենտրոնում այնպիսի վարպետներին դիմակայելը, ինչպիսիք են Խավին ու Ինյեստան, հեշտ գործ չէ: Առաջին հերթին` անհրաժեշտ է ձգտել նրանց զրկել գնդակից: Այնպիսի ֆուտբոլիստների ամպլուան, ինչպիսիք են Խավին ու Մխիթարյանը, ես կանվանեի դիսպետչերական գոտու կիսապաշտպան: Այդ դիրքում անհրաժեշտ է հավասարապես լավ գնդակ խլել ու լավ փոխանցումներ կատարել: Խավին կարողանում է դա անել: Ինձ թվում է, որ այդ դիրքը հոգեհարազատ է նաև Մխիթարյանին, ով Դոնեցկի «Մետալուրգում» հարձակման գծին մոտ էր խաղում: Խաղադաշտի կենտրոնում Հենրիխն ավելի բազմազան է գործում, տիրապետում է լավ վերջին փոխանցումների»,- հայտարարել է Գրոզնին: