Հայաստանի Կենտրոնական բանկը երեկ` ապրիլի 12-ին հերթական անգամ թանկացրեց հայկական դրամը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանելով 8,5 տոկոս։
Որքանո՞վ են արդարացված փողը թանկացնելուն ուղղված նման քայլերը, արդյոք այն չի՞ վնասի տնտեսությանը։
Նախ նշենք, որ Հայաստանի վերաֆինանսավորման տոկոսադրույքը աշխարհում ամենաբարձրերից է։ ԱՄՆ-ում, օրինակ, այն 0,25 տոկոս է, Եվրոպայում՝ 1,25 տոկոս, Ճապոնիայում՝ 0,1 տոկոս։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը համեմատաբար բարձր է Հայաստանի հարեւան երկրներում՝ Թուրքիայում 6,25 տոկոս է, Ռուսաստանում եւ Վրաստանում՝ 8 տոկոս։ Մեզ կարող է մխիթարել այն հանգամանքը, որ Ղրղըզստանում եւս 8,5 տոկոս է, իսկ Բելառուսում ավելի բարձր՝ 12 տոկոս։
Իրավական տեսանկյունից, Կենտրոնական բանկն ամեն ինչ ճիշտ է անում, նույնիսկ մի բան էլ պակաս։ Գների կայունությունը Կենտրոնական բանկի հիմնական խնդիրն է, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գները կարգավորելու հիմնական գործիք է հռչակված։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե որքանո՞վ է արդարացված գների կարգավորման այդ մոդելը։ Կա Կենտրոնական բանկի մասին օրենքի 4-րդ հոդվածը, որով հստակ նշվում է. եթե ԿԲ-ի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, ապա ԿԲ-ն առաջնություն է տալիս հիմնական խնդրին եւ ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ:
Այսինքն՝ եթե առաջնորդվենք օրենքի տրամաբանությամբ՝ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պետք է բարձրացնի այնքան, մինչեւ որ հասնի գների կայունության։ Ասենք՝ մինչեւ 20 կամ 25 տոկոս։ Ի դեպ՝ ԿԲ պաշտոնյաները մասնավոր զրույցներում անընդհատ շեշտում են, որ եթե ցանկանան՝ հենց այդ եղանակով գնաճը կհասցնեն 0 տոկոսի, բայց չեն անում, քանի որ չեն ցանկանում վնասել տնտեսությանը։ Այսինքն՝ ԿԲ-ն իր քաղաքականությամբ միտումնավոր խախտում է օրենքը՝ տնտեսական աճին չվնասելու համար։
Բայց եթե անկեղծ լինենք՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակն էլ նպաստավոր չէ տնտեսության համար։ Մեկ ամիս առաջ, երբ Կենտրոնական բանկը սեմինար էր կազմակերպել լրագրողների համար, լրագրողներից մեկը մի այսպիսի հետաքրքիր դիտարկում արեց. եթե ԿԲ-ն թանկացնում է փողը, առեւտրային բանկերը տրամաբանորեն պետք է թանկացնեն տնտեսությանը տրամադրվող վարկի տոկոսադրույքը։ Բայց թանկ վարկերի տակ կքած տնտեսվարողները ստիպված են լինում գին բարձրացնել, որպեսզի կարողանան նորմալ շահութաբերությամբ աշխատել, կամ նույնիսկ՝ վնասի տակից դուրս գալ։ Ստացվում է փակ շրջան՝ վարկի թանկացումը գների կայունության չի հանգեցնում։
Փաստենք հետեւյալը՝ բանկային համակարգը ներկայում ունի գերիրացվելիություն, ուստի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը փոքր չափերով, ինչպես դա անում է ԿԲ-ն, էապես չի ազդում շուկայական տոկոսադրույքների վրա։ Հետեւաբար՝ գների կարգավորման այս մոդելը զուտ տնտեսական բովանդակության առումով համարյա անգործունակ է։ Դրա վկայությունն է այն, որ գնաճի վրա վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը ունի շատ փոքր ազդեցություն։ Ուստի ԿԲ-ն պարտավոր է մշակել գնաճի կարգավորման շատ ավելի արդյունավետ մոդելներ, սկսելով, թերեւս, օրենսդրական աբսուրդների վերացումից։