Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

May 25, 2011

Ապտակ է ստացել՝ համբույրի փոխարեն

Դա տեղի է ունեցել Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Շալկե»-ի հաղթանակը տոնելու ժամանակ: Գերմանիայում «Շալկեի» եւ ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերին երկրպագուներից մեկն անակնկալ ապտակել է:

«YouTube»-ում տեղադրված տեսագրութան մեջ երեւում է, թե ինչպես է 25-ամյա դարպասապահը փորձել գրկել եւ համբուրել երկրպագուհիներից մեկին, բայց նրա կողքի տղամարդն անակնկալ հարվածել է դարպասապահին: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին «Շալկեն», 5:0 հաշվով հաղթելով «Դույսբուրգին», դարձել է Գերմանիայի գավաթի գավաթակիր:

Մանուել Նոյերը, ում համարում են ամենատաղանդավոր դարպասապահներից մեկն աշխարհում, Գերմանիայի հավաքականի դարպասը պաշտպանում է 2009 թվականից:

Երգչուհի Սոֆի Մխեյանին օգնում է ոչ թե սիրեկանը, այլ….

Թերթը հարցազրույց է վարել երգչուհի Սոֆի Մխեյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:

Երբ դու ոստք դրեցիր շոու-բիզնես, հայրդ Ազգային ժողովի պատգամավոր էր: Եւ սկսեցին խոսել այն մասին, որ հայրդ է քեզ աջակցել, եւ նրա միջոցով ես բեմ բարձրացել:

Հայրս` ժամանակին լինելով պարարվեստի մեջ, իր մաշկի վրա է զգացել բեմ ասվածի ե’ւ դրական, ե’ւ բացասական կողմերը: Երբ տարիներ առաջ հայտնեցի նրան` երգով զբաղվելու իմ մտադրության մասին, նա ամեն գնով փորձում էր ետ պահել ինձ այդ որոշումից: Նա միշտ նշում էր, որ այն ամենն, ինչ մենք տեսնում ենք եթերով, ընդամենը բացասական կողմերով լի` հսկայական սառցաբեկորի գեղեցիկ, խնամված գագաթն է միայն: Ետ չկանգնելով իմ որոշումից, ես կարողացա ապացուցել իմ ընտանիքին, որ կարող եմ լինել այդ ոլորտում եւ զերծ մնալ այն ամենից, ինչից այդքան խուսափում էր հայս: Այսօր ես բաց ճակատով ընտանիքիս հետ քննարկում եմ իմ յուրաքանչյուր անելիք եւ այդ նույն բաց ճակատով էլ ներկայանում եմ հանդիսատեսին: Նա, ով գնում է իմ ձայներիզը, նայում է իմ տեսահոլովակներն ու ներկա լինում իմ մասնակցությամբ համերգներին, անում է դա` առանց մտածելու, որ հայրս ժամանակին պատգամավոր է եղել: Տվյալ հանդիսատեսին պարզապես դուր է գալիս իմ կատարած աշխատանքը: Եւ, ի վերջո, այդ ո՞ր զավակ սիրող հայրը չի փորձում աջակցել իր երեխային: Ասեմ նաեւ, որ շատ ավելի լավ է լսել, որ հայրդ է քեզ աջակցում, քան` սիրեկանդ:

May 20, 2011

Կնոջը դավաճանելը վնաս է առողջությանը

Արտամուսնական հարաբերությունների փնտրտուքը, դրսում սեռական եւ հոգեկան բավարարվածություն ստանալու ձգտումը կարող է ճակատագրական դառնալ տղամարդկանց առողջության համար: Այդ մասին վստահեցնում են Ֆլորենցիայի համալսարանի մի շարք գիտնականներ: Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ նման տղամարդկանց սպառնում են սրտի խնդիրները: Դրա հիմնական պատճառներից մեկը բարոյահոգեբանականն է, քանի որ դավաճան տղամարդիկ մշտապես դեպրեսիվ վիճակում են` պայմանավորված բացահայտվելու սարսափով եւ խղճի խայթով:

May 19, 2011

Տյումենում հայ ընտանիքի սպանության մանրամասները. մարդասպանները խոսել են հայերենով

Հայտնի են դարձել Տյումենում հայ ընտանիքի սպանության մանրամասները: Քննչական կոմիտեի ներկայացուցչի խոսքով, հարձակվողներն առայժմ չեն պարզվել: Սպանվածներն ունեցել են Ռուսաստանի քաղաքացիություն: 38-ամյա Լազր եւ 37-ամյա Գագիկ Պետրոսյանները ազատ էին արձակվել բանտից անցած տարի: Նրանք դատապարտվել էին խարդախության, գողության եւ թմրանյութերի պահման համար: Ազատվելուց հետո նրա տեղափոխվել էին Տյումեն եւ որեւէ տեղ չէին աշխատում, ինչն, ըստ քննիչների, հիմք է կարծելու, որ եղբայրները շարունակել են հանցագործություններ կատարել:

Հարձակման ժամանակ տանը 11 մարդ է եղել: Եղբայրներից մեկը սպանվել է տեղում, իսկ մյուսին գտել են որոշ ժամանակ անց: Այդ ընթացքում հարձակվողները սպանել են եղբայրների մորն ու մեկի կնոջը: Վիրավորվել է Պետրոսյանների քույրը եւ երեխաներից մեկը:

Ազգամիջյան սպանության վարկածն անմիջապես հերքվել է, քանի որ վկաների փոխանցմամբ դիմակավորված անձինք խոսել են հայերեն:

May 18, 2011

Գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին եւս 2 ամսով կալանավորեցին

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` մայիսի 18-ին վճռեց եւս երկու ամսով կալանավորել Հովհաննես Թամամյանին:

Ինչպես դատարանից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դռնփակ դատական նիստում լսվում էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, որով քննիչը միջնորդում էր եւս երկու ամսով երկարաձգել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի խափանման միջոց կալանքը:

Դատավոր Մխիթար Պապոյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննիչի միջնորդությունը եւ եւս երկու ամսով երկարացրեց Թամամյանի կալանքը:

Ի դեպ, Հովհաննես Թամամյանը հրաժարվել էր մասնակցել դատական նիստին, եւ նիստը կայացել է առանց նրա:

Ավելի վաղ հայտնի էր, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար:

Հանրայինը հակադարձում է բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանին

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հերքել է բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի հայտարարությունը, թե Հանրայինը չի անդրադարձել ապրիլի 24-ին իր տարած հաղթանակին:

«Ապրիլի 24-ին, երբ աշխարհասփյուռ հայությունը խնկարկում է ցեղասպանության զոհերի հիշատակը, Վիկ Դարչինյանի տարած փայլուն հաղթանակը մեծ ու չխամրող ոգեւորություն առաջացրեց բոլոր հայերիս մոտ աշխարհի բոլոր անկյուններում: Հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում եւս անմասն չեն մնացել այդ ոգեւորությունից: Արդեն ապրիլի 25-ի լրատվական եւ սպորտային թողարկումներում Հանրայինը, ինչպես հարկն է, անդրադարձել է Վիկի ոգեւորիչ հաղթանակին եւ լուսաբանել այն»,- նշել է Ալեքսան Հարությունյանն ու հավելել. «Ցավում եմ` մեր անվանի հայրենակցի ասուլիսում տեղ գտած թյուր գնահատականների համար: Բոլորիս կողմից սիրված Վիկ Դարչինյանը Հանրային հեռուստատեսության եւ Հանրային ռադիոյի ինչպես լրատվական, այնպես էլ այլ հաղորդումների ամենացանկալի հյուրերից է: Հուսով եմ, որ մեր ժողովրդին աշխարհում ավելի ճանաչելի դարձրած անվանի բռնցքամարտիկին մեր եթերում հյուրընկալումը, ինչի առաջարկը արվել է, վերջ կդնի տեղ գտած թյուրիմացությանը»:

Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 17-ին կայացած ասուլիսում բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հայտնել էր, թե վիրավորված է հայրենական հեռուստաալիքներից, քանի որ նրանք չեն անդրադարձել ապրիլի 24-ին IBF վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար կոլումբիացի Յոնի Պերեսի դեմ իր տարած հաղթանակին:

«Հայաստան» հիմնադրամը տեսահոլովակների մրցույթ է հայտարարում. պրեմիերան «Հեռուստամարաթոն-2011»-ին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայ երգարվեստի գործիչներին հրավիրում է իրենց նոր երգերի տեսահոլովակներով մասնակցել «Հեռուստամարաթոն 2011»-ին:

Նպատակ ունենալով խթանել հայ երգարվեստը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ` Հիմնադրամը, ի թիվս իր հաշվետու, սոցիալական եւ գովազդային տեսահոլովակների, «Հեռուստամարաթոն 2011»-ի 12-ժամյա եթերի ընթացքում նախատեսում է նաեւ հեռարձակել մի շարք նոր երգերի տեսահոլովակներ:

Այս կապակցությամբ, Հիմնադրամը հայտարարում է նոր գրված երգերի տեսահոլովակների հայտերի ներկայացման մեկնարկը` հնարավորություն ընձեռելով հայ երգիչ-երգչուհիներին իրենց տեսահոլովակների առաջին ցուցադրությունն իրականացնել Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2011-ի հեռարձակման ընթացքում: Հայտնի է, որ Հիմնադրամի հեռուստամարաթոնը յուրաքանչյուր տարի կաբելային, արբանյակային, ինտերնետային հեռարձակմամբ սփռվում է բոլոր մայրցամաքներում եւ լսելի ու տեսանելի է աշխարհի բոլոր անկյուններում:

Տեսահոլովակների ընտրությունը վերապահվում է հեռուստամարաթոնի կազմակերպման ստեղծագործական խմբին: Հայ երգարվեստի արդեն հայտնի անունների կողքին Հիմնադրամը ողջունում է նաեւ շնորհալի երիտասարդ երգիչ-երգչուհիների մասնակցությունը Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից, եթե նրանց կողմից ներկայացված տեսահոլովակները համապատասխանում են ստեղծագործական խմբի սահմանած չափանիշներին:

Հայտերի ներկայացման համար պարտադիր են հետեւյալ պայմանները.

- Տեսահոլովակներ կարող են ներկայացնել Հայաստանի, Արցախի կամ սփյուռքի երգիչ-երգչուհիները,

- Կդիտարկվեն տարբեր լեզուներով եւ ամենատարբեր թեմաներով երգերը, սակայն նախապատվությունը կտրվի հայրենասիրության թեմաներով երգերին,

- Տեսահոլովակի տեւողությունը չպետք է գերազանցի 4 րոպեն,

- Ներկայացվող տեսահոլովակները պետք է պատրաստված լինեն HD որակային չափանիշով,

- Տեսահոլովակները Հիմնադրամ պետք է ներկայացվեն ոչ ուշ քան 2011թ. հոկտեմբերի 1-ը :

Հիմնադրամը որեւէ նյութական մասնակցություն չի բերում տեսահոլովակների պատրաստմանը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել stepan@armeniafund.org ` հեռուստամարաթոնի երաժշտական արտադրիչ Ստեփան Փարթամյանին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites