Feb 25, 2011

Ինչպես կավարտվեն շաքարավազի վերաբերյալ խոսակցությունները

Երեւանյան խանութներում իսկական շաքարավազային տենդ է սկսվել։ Մարդիկ, մոտալուտ թանկացումներից զգուշանալով, սկսել են շաքարավազ պահուստավորել։ Տնային տնտեսուհիների կենցաղային խոսակցություններում ամենատարածված հարցը հետեւյալն է՝ «որքա՞ն շաքար ունես տանը»։

Թեեւ մեր մոնիտորինգը խանութներում շաքարավազի թանկացում չհայտնաբերեց, մի շարք խանութներում, այնուամենայնիվ, շաքարավազ չկար։ Սակայն խոսել դեֆիցիտի մասին վաղ է՝ սուպերմարկետներում կարելի է ազատորեն շաքարավազ ձեռք բերել կգ-ը 360 դրամով։ Կան նաեւ առաջարկներ 345-ով, սակայն գնորդները դժգոհում են դրա որակից՝ չափից ավելի խոնավ է։

Որքանո՞վ հիմնավոր են շաքարավազի թանկացման մասին խոսակցությունները։ Բնականաբար՝ առաջին հերթին փորձագիտական հայացքն ուղղվում է դեպի միջազգային շուկա, որտեղից գալիս են հիմնական գնային ազդակները։ Այստեղ իրավիճակը փոփոխական է՝ շաքարավազը ժամանակ առ ժամանակ թանկանում, այնուհետ մի փոքր էժանանում է՝ պահպանելով սակայն բարձր գնային միջավայր։

Հայաստանում իրավիճակը կարող է էապես բարելավվել, եթե Ախուրյանի գործարանն ու Շիրակի մարզի գյուղացիները կարողանան համաձայնության գալ շաքարի ճակընդեղի գնի շուրջ։ Եթե որեւէ հաստատուն գնի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, ապա Հայաստանը կարող է զերծ մնալ միջազգային գների բացասական կարճաժամկետ ազդեցություններից։ Հայաստանի կառավարությունը գուցե նաեւ մտածի շաքարավազի արտահանումները արգելելու մասին։ Վրաստանում շաքարավազը մոտ 25 տոկոսով ավելի թանկ է, ուստի վրացի գործարարները ցանկանում են շաքարավազ ձեռք բերել Հայաստանում; Եթե դա մեծ ծավալների հասնի, ապա Հայաստանում ու Վրաստանում շաքարավազի գները կհավասարվեն՝ ի վնաս մեզ։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites