Feb 28, 2011

«Ժառանգությունը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը

Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանն օրերս կառավարող ուժերի առաջնորդների հետ հակասահմանադրական, ապօրինի հուշագիր է ստորագրել, որի նպատակն է շրջանցելով բոլոր օրենքները սեփական թեկնածությունը վաղաժամ առաջ քաշել նախագահական ընտրություններում: Նման հայտարարություն է արել Ազգային Ժողովի ամբիոնից ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Այդ քայլով Սերժ Սարգսյանն, ըստ էության, հայտարարեց հայ հասարակությանը. «Պետությունը ես եմ»: Այդ հուշագրի ստորագրմամբ ամրագրվում է Սերժ Սարգսյանի կառավարումը հետագա 7 տարվա համար, երբ շարունակվելու է ներկայիս հակաժողովրդական քաղաքականությունը, որը նպաստում է արտագաղթի աճին եւ տոտալ ապօրինություններին»,- հայտարարել է Հովհաննիսյանը` հավելելով, որ խորհրդարանում քաղաքական ուժերի խաթարված համամասնությունը կեղծված ընտրությունների արդյունքն է:

«Բայց անգամ ընդդիմության նման փոքր ներկայացվածությունը չի գոհացնում կառավարող ուժերին: Նրանք ցանկանում են ավելին, ստանալ ընդդիմության մի քանի մանդատները: Բայց մի անհանգստացեք, պարոնայք իշխանավորներ, այդ մի քանի մանդատները ստանալու համար անհրաժեշտություն չկա կեղծել հերթական ընտրությունները, վերցրեք, կերեք, ահա ձեզ ձեր ժառանգությունը»,- հայտարարել է «Ժառանգության» առաջնորդը` հիշեցնելով նաեւ հայ-թուրքական«սարսափելի» արձանագրությունների մասին, որոնք մնում են խորհրդարանի մեծ օրակարգում:

Հովհաննիսյանի այդ հայտարարությունը հարուցել է կառավարող կոալիցիայի պատգամավորների զայրույթը, սակայն դրանք արդեն լսելի չէին «Ժառանգության» պատգամավորներին, ովքեր իրենց առաջնորդի հայտարարությունից հետո լքեցին ԱԺ նիստերի դահլիճը: Դրանից անմիջապես հետո, ԱԺ նիստն ընդմիջվեց 20 րոպեով ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի առաջարկով:

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ. եւ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Կուսակցությունը 2007 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում ստացել է 7 մանդատ:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites