Feb 28, 2011

Ովքեր են մեղավոր վրացական համարանիշներով մեքենաների համար

Վրացական համարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծման հետ կապված աղմուկը հավանաբար մնաց հետեւում։ Կառավարությունը ոչ մեծ, բայց հաշվենկատ զիջման գնաց՝ չփոխեց օրենքն ու մաքսազերծման կարգը, սակայն հնարավորություն տվեց գումարը վճարել 6 ամսվա ընթացքում։

Բնականաբար՝ ավտոսեփականատերերի մի մասն այդ զիջումից բավարարված չէ, սակայն ակնհայտ է, որ բողոքի զանգվածային ակցիաներ այլեւս չեն լինի։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ բոլոր հիմքերն ունի հայտարարելու, որ պետք է ստիպեն ներմուծողներին՝ հարգել օրենքը, ինչպես որ դա արեց փետրվարի 25-ի ասուլիսի ընթացքում։

Սա միանգամայն արդարացված պնդում է։ Իսկապես, եթե կա օրենք, ու ավտոմեքենա ներմուծողների մեծ մասն այդ օրենքով է առաջնորդվում, ինչո՞ւ մնացյալ 4000 հոգին նույնն էլ չանեն։ Ինչո՞ւ ոմանք պետք է հնարավորություն ունենան ավտոմեքենաները ներմուծել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, որը հարկեր վճարելուց խուսափելու հնարավորություն է տալիս։

Սակայն այս պնդման մեջ մի փոքր թերություն կա։ Իրականում՝ «ժամանակավոր ներմուծումը» բնավ էլ օրենսդրական սողանցք չէ եւ չի եղել։

Հիշեցնենք՝ ըստ մաքսային օրենսգրքի՝ «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծված ապրանքները առավելագույնը 1 տարի հետո կրկին պետք է արտահանվեն։ Այդ ռեժիմը կարելի է երկարաձգել միայն շատ սահմանափակ դեպքերում։ Օրինակ՝ պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց եւ կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով ներմուծված ապրանքների համար։ Մինչ վերջին օրենսդրական փոփոխությունները՝ երկարաձգման հնարավորություն կար նաեւ ֆինանսական վարձակալության դեպքերում, սակայն այդ դրույթը օրենքից հանվել է։

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են կարողացել գյումրեցի կամ վանաձորցի վարորդները տարիներ շարունակ երկարաձգել ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների ժամկետը։ Կրկնում ենք՝ դրա օրենսդրական հնարավորությունները շատ սահմանափակ են, եւ ներկա դրությամբ էլ վերացված չեն։

Եզրակացությունը մեկն է՝ եղել են լուրջ կոռուպցիոն ռիսկեր։ Կառավարությունը կարողացավ շատ հմտորեն խուսափել կոռուպցիոն ռիսկերի մասին խոսակցություններից՝ ամբողջ մեղքը բարդելով ներմուծողների վրա։ Այդպես էլ անհասկանալի մնաց՝ ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում այն անձինք, որոնք առանց իրավական հիմքերի երկարաձգել են «ժամանակվոր ներմուծում» ռեժիմը 1 տարուց ավելի։ Չէ՞ որ առաջին հերթին այդ չինովնիկներն են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։ Բայց նրանք հիմա ստվերում են, իսկ վարորդները պետք է վճարեն։

Վարչապետը մի բանում ճիշտ է՝ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։ Բայց մեր կողմից հավելենք՝ «բոլոր» բառն իր մեջ ներառում է նաեւ բոլոր չինովնիկներին։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites