Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Mar 31, 2011

Կարեն Կարապետյանն իրեն քաղաքական կյանքում չի տեսնում

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իրեն քաղաքական գործիչ չի համարում, այլ ուղղակի քաղաքային տնտեսության այսօրվա կառավարիչն է, ուստի իրեն քաղաքական կյանքում չի տեսնում: Այսօր` մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հենց ինքը` Կարեն Կարապետյանը՝ մեկնաբանելով այն լուրերը, թե նա մոտ ժամանակներս Հայաստանի վարչապետ է նշանակվելու։

Հարցին, թե ո՞րն է քաղաքապետ եղած ընթացքում իրեն հանդիպած ամենաբարդ խնդիրը, Կարապետյանը պատասխանեց. «Դա քաղաքապետարանի թիմին մոտիվացնելն է, որպեսզի նրանք վերջնական արդյունքից լեգալ առումով կախում ունենան։Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար պետք է ստեղծել արդարացի վճարման համակարգ, որի ժամանակ ուղղակի բարոյական իրավունք կվերապահվի մարդկանց պատժել կոռուպցիոն երեւույթների համար։ Այս ուղղությամբ քաղաքապետարանում քայլեր արդեն ձեռնարկվել են, որոշակիորեն բարձրացվել են աշխատավարձերը, ադմինիստրատիվ առումով բավական խստացրել ենք մեր վերաբերմունքը եւ շատ հետեւողական ենք լինելու»։

Նշենք, որ մամուլում վերջին ժամանակներս լուրեր են պտտվում, որ Հայաստանի հաջորդ վարչապետի ամենահավանական թեկնածուն Երեւանի ներկայիս քաղաքապետ Կարեն Կարապետյանն է։

Ֆուտբոլասերներ դժգոհության նոր ալիք են բարձրացրել

Երկրպագուների համառուսաստանյան միավորումը պաշտոնապես դիմել է Ռուսասստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյին` խնդրելով հետաքննել Հայաստան - Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը նախորդած միջադեպերը, որի հետևանքով մոտ 100 ռուսաստանցի ֆուտբոլասերներ տոմսերով չեն կարողացել մտնել ստադիոն: Կազմակերպությունն այդ միջադեպերի, նաև խաղից առաջ գրանցված մարդկային կուտակումների մեղավոր է համարում հանդիպման կազմակերպիչներին և պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պարզաբանել բացթողումները եւ քննարկել պաշտոնական ներողության ու տուժած երկրպագուներին փոխհատուցելու հնարավորությունը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ինչպես տեղեկացանք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից` մեր ֆեդեացիային դեռևս ոչ մի դիմում և բողոք չի ներկայացվել:

Որոշ ասեկոսեների համաձայն, ռուս երկրպագուները ցանկացել են հանդիպումից ժամեր առաջ տոմսեր ձեռք բերել: Ասում են, որ առաջարկվել է մինչ 300 դոլար:

Սերժ Սարգսյան. Երեւան-Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղեւորը ես եմ լինելու

Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իրավունք ունի օգտվել օդային տրանսպորտից, եւ դա սակարկման ենթակա չէ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի նախագահ Միշելին Քալմի-Ռեյի հետ հետ համատեղ ասուլիսում` մեկնաբանելով Ադրբեջանի սպառնալիքները` «խփել Ստեփանակերտ մեկնող օդանավերը»:

Նախագահի խոսքով, ԼՂՀ եւ Հայաստանի իշխանությունները մտադիր են ջանքեր գործադրել, որ այդ հարցը համաձայնեցնեն միջազգային ատյանների հետ: Պետության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի: «Ինչ վերաբերում է Բաքվի հայտարարությանը, նորագույն պատմության ընթացքում սպառնալիքներ քիչ չեն եղել, բայց կա մեկ «բայց». նման սպառնալիքներ հնչեցրել են ահաբեկչական կազմակերպությունները եւ ոչ պետությունները: Նման սպառնալիքներ լսել պետությունից` մառազմ է, հիվանդ մարդկանց ելույթներ»,- ասել է նախագահը` հավելելով, որ Բաքվի նման արարքները մեկնաբանությունների կարիք չեն զգում: «Բայց ես հայտարարում եմ, որ առաջին չվերթի առաջին ուղեւորը լինելու եմ ես` Հայաստանի նախագահը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Ակնկալվում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը կսկսի գործել մայիսի 9-ից: Բաքվում հայտարարել են քաղաքացիական ինքնաթիռները խփելու մտադրության մասին, ինչը հակասում է միջազգային կոնվենցիաներին:

Հայաստանն ու Ադրբեջանը ICAO (International Civil Aviation Organization) կազմակերպության անդամ են, եւ պարտավորվել են երբեք չխփել քաղաքացիական ինքնաթիռներին:

«Նման սպառնալիքները չեն բխում այն սկզբունքներից, որոնք պետք է հաշվի առնի Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,- օրերս նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

Ազատության հրապարակում հացադուլը շարունակվելու է

Ազատության հրապարակում հացադուլը շարունակվելու է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը: Նա նշել է, որ մի խումբ մտավորականներ հացադուլ են նախաձեռնել Ազատության հրապարակում, եւ երեք օրը մեկ փոխելով իրար` շարունակում են պայքարել ժողովրդի բարօրության համար:

«Նրանք կփորձեն իշխանություններին հասկացնել, որ այս երկրում հասարակությունը չի վերջացել»,- ասել է Հակոբյանը:

Վերջինս նաեւ հայտնել է, թե Հայ ազգային կոնգրեսի հետ հնարավոր է միավորվել, եթե նա փոխի իր ռազմավարությունը: «Նրանց հանրահավաքների բովանդակությունը նույնն է, ոչինչ չի փոխվում: Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի հանրահավաքներ անցկացնելու մեծ փորձ, բայց «Ժառանգությունը» չունի այդ փորձը, մենք միշտ ընտրել ենք պայքարի այլ միջոցներ»,- նշել է «Ժառանգության» քարտուղարը:

Նշե'ք մայիսի 20-ը ձեր օրացույցներում

Մայիսի 20-ին ՀՕՖ-ը նշում է երկու կարեւոր իրադարձություն. նախ՝ լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը, ապա աշխարհահռչակ երգիչ, շոումեն, երգահան եւ բարերար Շարլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը: Մեծ հայորդին նաեւ Շվեյցարիայում, Ժնեւում` ՄԱԿ-ի ներկայացուցչությունում, Հայաստանի դեսպանը, մեծ հաշվով` Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը:

Ազնավուրին նվիրված շքեղ արարողությունը տեղի կունենա Նյու Յորքի Cipriani Wall Street venue-ում, դրան կհաջորդի մեծ ճաշկերույթ:

Երգչուհի եւ դերասանուհի Լայզա Մինելին կներկայացնի Շառլ Ազնավուրին, իսկ արարողությունը կվարի դերասան Էրիկ Բոգոսյանը:

Հյուրերի ցանկում են Էլթոն Ջոնը, Սելին Դիոնը, Ատոմ Էգոյանը, ԱՄՆ-ում եւ ՄԱԿ-ում Հայաստանի ու Ֆրանսիայի դեսպանները, այլք:

Լեզվակռիվ` Ազգային ժողովում

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում բացօթյա առեւտրի արգելքի մասին խորհրդարանական լսումների ժամանակ լեզվակռիվ տեղի ունեցավ առեւտրականների եւ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի միջեւ:

Փոխքաղաքապետ Կամո Արեյանի ելույթից հետո պատգամավորը թույլ չտվեց քաղաքացիներին իրենց հարցերն ուղղել բանախոսին` ասելով, թե հետո ելույթներում կկարողանան հարցեր ձեւակերպել:

Զայրացած առեւտրականները, միմյանց հերթ չտալով, սկսեցին բղավել, թե իրենք սոված են եւ աշխատանքի կարիք ունեն, ապա հայտարարեցին, որ իրենց հարցին լուծում չտալու դեպքում կհեռանան երկրից:

Հ. Մարգարյանին չհաջողվեց լռեցնել քաղաքացիններին, եւ նիստն ընդմիջվեց:

Հարցում. Հայաստանում տղամարդկանց 38 տոկոսը կարծում է, որ կնոջ կարիերայից տուժում է ամուսինների պատիվը

Հայաստանում բնակչության 93 տոկոսը կարծում է, որ կարիերան կարեւոր հանգամանք է տղամարդու համար, իսկ 7 տոկոսի կարծիքով` կանանց համար:

Այս տվյալներն է ստացվել, որ Հայաստանում անցկացված «Հայաստանում հասարակական-քաղաքական գենդերային մասնակցության առանձնահատկությունները» անվանմամբ սոցհարցման արդյունքում:

Ինչպես նշվում է հետազոտության մեջ, թե’ կանայք, թե’ տղամարդիկ կարիերային կարեւորություն են տալիս այն ժամանակ, երբ ընտանեկան հարաբերություններում խնդիրներ են ի հայտ գալիս: Բացի այդ, կանանց կարիերայի նկատմամբ ավելի բացասական վերաբերմունք են ցուցաբերում տղամարդիկ, քան` կանայք:

Այսպիսով, հարցված տղամարդկանց 10 տոկոսը եւ կանանց 4 տոկոսը բացասաբար են վերաբերում կանանց կարիերայի նկատմամբ: Պատասխանելով հարցին, թե համաձա՞յն են արդյոք նրանք այն պնդմանը, որ քաղաքականությամբ զբաղվող կանանց անձնական կյանքում ինչ-որ բան այն չէ, հարցված կանանց 53 տոկոսը եւ տղամարդկանց 45 տոկոսը բացասական պատասխան են տվել: Այս կարծիքի հետ համաձայնել են տղամարդկանց 48 տոկոսը եւ կանանց 39 տոկոսը:

Երկու սեռերի ներկայացուցիչներն էլ ավելի հանդուրժողական են գործարարությամբ զբաղվող կանանց նկատմամբ, քան քաղաքականությամբ զբաղվողների: Հարցված տղամարդկանց 60 եւ կանանց 53 տոկոսը համաձայն չեն այն կարծրատիպի հետ, որ բիզնես-վումեններն ունեն խնդիրներ ընտանեկան հարաբերություններում:

Հարցված կանանց 68 տոկոսը եւ 54 տոկոսը համաձայն չեն այն կարծիքի հետ, որ կինը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, քանի որ նրա միակ զբաղմունքը պետք է լինի ընտանիքն ու երեխաները: Հարցված կանանց 68 տոկոսը եւ տղամարդկանց 57 տոկոսը համաձայն չեն այն կարծիքի հետ, որ կինը չպետք է զբաղվի բիզնեսով եւ հոգա ընտանիքի ֆինանսական ապահովածությունը: Հարցված տղամարդկանց 38 տոկոսը եւ կանանց 28 տոկոսը կարծում է, որ կանանց կարիերիզմի հետեւանքով տուժում է տղամարդու պատիվն ու ընտանիքի կարգավիճակը: Տղամարդկանց 50 եւ կանանց 43 տոկոսը կարծում են, որ քաղաքականությունը «կեղտոտ» գործ է, հետեւապես` այդ ոլորտում անելիք չունի:

Պարտադիր-կամավորական «Հանրապետականացում»

Ըստ մամուլի, մարզերում արդեն սկսվել է պարտադիր հանրապետականացման գործընթաց: Մասնավորապես նման լուրեր են տարածվել Գեղարքունիքի մարզից, ըստ որոնց դպրոցների ուսւոցիչներին պարտադրում են շտապ հանրապետականացվել: Եվ դա կատարվում է դպրոցի տնօրենների նախաձեռնությամբ և վերահսկողությամբ, որոնց էլ այդ հրահանգը իջեցվել է վերևից:

Փաստորեն, ՀՀԿ-ն արդեն պատրաստվում է գալիք խորհրդարանական ընտրություններին, բայց պատրաստվում յուրօրինակ, իրեն վաղուց բնորոշ ձևով: Միթե այս ողջ ընթացքում այս կուսակցությունը այդպես էլ չի ըմբռնել, որ բռնի կուսակցականացումը, կուսակցության շարքերի արհեստական ուռճացումը որևէ արյունքի չի կարող բերել: Նույն ՀՀԿ անդամը, որը ստիպված է անդամագրվել այդ կուսակցությանը, նույն ընտրությունների ժամանակ կարող է գնալ և իր ձայնը տալ բոլորովին այլ ուժի, այսպիսով արտահայտելով իր բողոքը այս գործըթնացի դեմ: Եվ, ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով քվեարկության գաղտնի լինելը, այդպես էլ լինելու է: Այս առումով ՀՀԿ անդամ լինելը արդեն ստանում է ամբողջովին ձևական բնույթ:

Նման լուրերի և տեղեկությունների համատեքստում արդեն լիովին անիմաստ է դառնում նաև նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը ԱԺ-ի կողմից, եթե այսօրվանից իսկ պարզ է, որ ընտրությունները ընթանալու են նույն տրամաբանությամբ:

«Ազգ». Երկրից մեկնածների թիվը գերազանցում է ժամանածների թվին

Թերթը գրում է, որ միգրացիոն պետական ծառայության վերջին տվյալներով` 2010թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին միգրացիայի բացասական սալդոն (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետության ժամանածների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4,9 հազարով կամ 19,5 տոկոսով եւ կազմել է -29,9 հազար մարդ, իսկ Հայաստանի քաղաքացիների մասով` -41,2 հազար մարդ:

Դեկտեմբերին միգրացիայի դրական սալդոն կազմել է 46,5 հազար մարդ, նախորդ տարվա դեկտեմբերի 13,7 հազարի դիմաց: 2010-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին ուղեւորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 631,0 հազար մարդով, կամ 21,8 տոկոսով եւ կազմել 352.000 մարդ:

Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղեւորների տեսակարար կշիռը ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 45,4 տոկոս:

Հրդեհ կամերային երաժշտության տանը. ամբողջությամբ այրվել է տնօրենի աշխատասենյակն՝ իր գույքով

Ահազանգ է ստացվել, որ ասյօր` մարտի 31-ի վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տարածքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եվ փրկարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.14-ին, մարվել`06.28-ին:

Ամբողջությամբ այրվել է տնօրենի աշխատասենյակը՝ իր գույքով:

Հրդեհի հետեւանքով կամերային երաժշտության տան պահակ, 48-ամյա Տարոն Թորոսյանը, ծխահարվել է:

Մինչ շտապօգնության աշխատակիցների ժամանումը, պարամեդիկ-փրկարարների կողմից Տ.Թորոսյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետեւ նա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Տ.Թորոսյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

բաման հրահանգել է գաղտնի գործողություն սկսել Լիբիայում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գաղտնի հրահանգ է տվել ԱՄՆ բանակին Լիբիայում գաղտնի գործողություն սկսելու համար: Գործողությունն ուղղված է լիբիացի ապստամբներին օգնություն տրամադրելուն` Մուամար Քադաֆիի դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է ABC News-ը` վկայակոչելով սեփական աղբյուրները:

Հրահանգում կան կետեր, որոնք թույլ են տալիս անկանխատեսելի հանգամանքների ի հայտ գալու պարագայում, Քադաֆիի հակառակորդներին զենք մատակարարել, սակայն չի նախատեսում զենք տըրամադրել ապստամբներին այս փուլում, գրում է Lenta.ru-ն:

Սպիտակ Տան ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը` հղում անելով այդ տվյալների գաղտնի բնույթին: «Ապստամբներին զենք մատակարարելու մասին որոշում չկա: Մենք չենք բացառում, բայց նաեւ չենք հաստատում նման հնարավորությունը: Մենք գնահատում եւ քննարկում ենք Լիբիայի ժողովրդին աջակցելու բոլոր տարբերակները»,- ասված է Բարաք Օբամայի ներկայացուցիչների հայտարարության մեջ:

Դատարանը ՀԱԿ-ի համակիր,Սամսոն Խաչատրյանի խափանման միջոցը թողել է նույնը

Հայաստանի վերաքննիչ դատարանն այսօր` մարտի 31-ին դռնփակ նիստում մերժել է Հայ ազգային կոնգրեսի համակիր, հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի խափանման միջոց կալանքը փոխելու հայցը: Ս. Խաչատրյանի նկատմամբ մարտի 15-ին կիրառվել էր երկամսյա կալանք:

Ըստ ՀԱԿ-ից ստացված տվյալների, նրա վրա հարձակվողները եղել են դիմակներով: Դրանից որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Ս. Խաչատրյանը ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունքում է, որտեղ նրան ձերբակալել էին:

Նա կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), քանի որ ըստ ոստիկանության տվյալների, Ս. Խաչատրյանը մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ հարվածել է քաղաքացիական հագուստով ոստիկանին:

Իսկ ահա Ս. Խաչատրյանն ու նրա պաշտպանները, նաեւ դեպքին ականատես ցուցարարները պնդում են, որ միջադեպը հրահրել են քաղաքացիական հագուստներով այդ անձինք, որոնք չեն ներկայացել որպես ոստիկաններ: Նրանց կարծիքով, սա քաղաքական հաշվեհարդար է եւ կապ ունի Ս. Խատատրյանի քաղաքական հայացնքների հետ:

Մարտի 28-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին եւ խնդրել անազատության մեջ գտնվող հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ մեղմ վերաբերմունք ցուցաբերել:

Այս ընթացքում Ս. Խաչատրյանին են այցելել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը:

Թուրքիայում գումար գողացած կինը բացել է կուրծքը եւ բղավել. նայիր, ես չեմ գողացել (ֆոտո)

Ստամբուլի Բահչելիեւլեր թաղամասում գտնվող բջջային հեռախոսներ վաճառող խանութում գողության հետաքրքիր դեպք է գրանցվել։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ խանութում 2 կին ցանկացել են հեռախոսահամարի լիցքավորման քարտ գնել, որի ընթացքում նրանցից մեկը օգտվել է հարմար առիթից եւ վաճառողի դիմացից վերցրել 100 լիրայանոց թղթադրամն ու փոխանցել ընկերուհուն։

Վաճառողը պահանջել է վերադարձնել 100 լիրան, սակայն կինը արագ բացել է կուրծքը եւ ասել. «նայիր, չեմ գողացել» եւ օգտվելով շփոթահար եղած վաճառողի վիճակից արագ դուրս եկել խանութից։ Վաճառողի ծանոթներից մեկը դուրս է եկել կնոջ հետեւից՝ պահանջելով 100 լիրան հետ տալ։ Այս անգամը կինը բղավել է՝ ասելով, թե իր մոտ գումար չկա եւ արդեն հանած կրծկալը խցկել վաճառողի ծանոթի բերանն ու արագ հեռացել։

Ոստիկանությունը ուսումնասիրում է խանութում գտնվող անվտանգության տեսախցիկի արված տեսագրությունը՝ գտնելու 2 կանանց։

«Չորրորդ ինքնիշխանություն». Կճոյանը Վազգենի գլուխն է կորցրել

Արդեն մոտ կես տարի է` Եռաբլուրի Սուրբ Վարդանանց մատուռի գործերին որոշել է խառնվել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմը՝ նրա առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ, գրում է «ՉԻ»-ն` շարունակելով. «Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի թեմականները հանել են մատուռի պատերին փակցված Մոնթեի, ազատամարտիկների եւ ԱՍԱԼԱ–ի զոհված տղաների լուսանկարները, որովհետեւ նրանք «սրբացված» չեն եկեղեցու կողմից։ Եվ չնայած զոհվածների մայրերին կճոյանականները խորհուրդ են տվել մատուռն իրենցը չհամարել եւ հաշտվել կատարվածի հետ, մայրերը որոշել են պայքարել Եռաբլուրի մատուռի համար եւ ամեն ինչ անել, որ այն վերադարձվի այն կարգավիճակին, ինչպես որ ստեղծվել է ի սկզբանե։

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, Առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանի մասին վերջին բացահայտումներից հետո մայրերը համոզվել են, որ մատուռը յուրացնելը Կճոյանի բիզնես–ծրագրերի մեջ է մտնում։ Մեզ հետ զրույցում մայրերը նկատեցին, որ շքեղասեր Կճոյանին նոր մեքենա է պետք, կամ հայ հանրությանը անհայտ սխրանքների դիմաց՝ վարչապետի նվիրած ատրճանակից բացի սիրտը այլ զենք է ուզել, եւ փողը որոշել է Վարդանանց մատուռից ստանալ»:

Mar 29, 2011

Պատգամավորը սպառնացել է «Փարիզյան սուրճ»-ի տնօրենին, որ նրան ու նրա որդուն մինչեւ գիշեր դիա՞կ կդարձնի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը սպառնացել է «Փարիզյան սուրճ»-ի սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանին, որ կսպանի նրան եւ նրա որդուն: Այս մասին հայտնում է տիկին Գործունյանը:

«Ինքն ինձ քիչ առաջ զանգահարել է Մոսկվայից եւ սպառնացել, թե դու եւ քո տղա Սեւակը միչեւ գիշեր ջիհադ կդառնաք»,- ասել է «Փարիզյան սուրճի» սեփականատերը: Զոհրաբյանի այդ սպառնալիքի համար, ինչպես նշեց Գործունյանը, հիմք են հանդիսացել մամուլի հրապարակումները:

Նշենք, որ ըստ «Ժամանակ» թերթի` ամիսներ շարունակ ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը, կքած պարտքերի տակ, զբաղվել է ալֆոնսությամբ: «Կարճ ժամանակ առաջ www.persons.am կայքէջում Զոհրաբ Զոհրաբյանի կենսագրականի տակ տեղ գտած կարծիքներում հայտնվել էր հետեւյալ գրառումը. «Այս պարոնը ձեզի սեր կպատմե, հետո կուլա, որ փող չունի, հետո կքցե, զգույշ տիկիններ, ինձ պես մի եղեք», - գրել էր «Փարիզյան սուրճ»-ի տնօրեն Վալերի-Աշխեն Գործունյանը: Սակայն կարճ ժամանակ անց տողերն անհետացել են Զոհրաբ Զոհրաբյանի` Գործունյանին սպանելու սպառնալիքների արդյունքում»,- գրել է թերթը:

Վալերի Աշխեն Գործունյանն ասաց, որ ձեռնպահ է մնում դեպքի մասին իրավապահ մարմիններին հաղորդելուց. «Իրենք ինձ փող են պարտք, ուզում եմ, որ իմ փողերը տան, ուրիշ ոչ մի բան: Ես չեմ ուզում, որ Հայաստանում նրա պես երեսփոխան լինի»,-հայտարարեց Գործունյանը: Նա նաեւ վստահեցրեց, որ «Փարիզյան սուրճը» հազիվ էր դուրս եկել իր դժվար վիճակից եւ «ես չեմ ուզում Զորիկ Զոհրաբյանի պատճառով իմ բիզնեսը փակել»:

Ի դեպ, փորձեր արվեցին նաեւ Զ. Զոհրաբյանի հետ` տեղի ունեցածի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար, սակայն նրա հեռախոսին պատասխանած անձը հայտարարեց, թե տվյալ հեռախոսահամարը Զոհրաբյանին չի պատկանում եւ կոչ արեց «էլ չզանգե’ք»:

Թուրք կուսակցապետը դատական հայց է ներկայացրել իր հայկական արմատների մասին գիրք գրողի դեմ

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն 100 հազար լիրայի չափով փոխհատուցման հայց է ներկայացրել եւ պահանջել, որ դատարանը գրախանութներից հավաքել տա «Դերսիմցի հայուհի Եմուշի որդի ինժեներ Քեմալը» գրքի օրինակները։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն նշել է, թե գրքում իր նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կան, որի համար դիմել է դատական ատյաններին։

Հիշյալ գործով արդեն դատախազությունում ցուցմունքներ է տվել գրքի հեղինակ Սուլեյման Յեշիլյուրթը՝ նշելով, թե ինքը չի վիրավորել Քըլըչդարօղլուին։

Նշենք, որ հիշյալ գրքի վերաբերյալ իրենց քննադատական հայտարարություններ են արել նաեւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Հասիփ Քափլանն ու Շերաֆեթթին Հալիսը։

Շերաֆեթթին Հալիսը նշել էր, թե այդ գիրքը պատվիրված է, որն իր էությամբ ստորացուցիչ եւ անբարոյական մոտեցում է։ «Ես պարոն Քըլըչդարօղլուի փաստաբանը չեմ, սակայն այդ գիրքը վիրավորանքներով լեցուն է թե’ Քըլչդարօղլուի, թե’ հայերի տեսանկյունից։

Հատկանշական է, որ գրքի տպագրման ամսաթիվը փետրվարի 20-ն է, սակայն այն աննկարագրելի արագությամբ հաջորդ օրը հայտնվեց Թուրքիայի խորհրդարանում։ Մեկ փաստ եւս՝ գիրքը տպագրվել է Անկարայի համար ռեկորդային համարվող 100 հազար տպաքանակով։

Հարություն Փամբուկյանն էլ է հեռանում

Ըստ որոշ լուրերի, հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը երկար ժամանակ չէր այցելում ԱԺ, ինչի պատճառը նրա` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ լարված հարաբերություններն էին:

Այսօր մամուլում տեղեկություն է տարածվել, ըստ որի, Հարություն Փամբուկյանի բացակայության պատճառը միյան վերոնշյալ անձնական հարաբերությունների խնդիրը չի: Պարզապես սույն գործարարը ևս, ըստ նույն հրապարակման, վաղուց արդեն բնակվում է Գերմանիայում, և պատրաստվում է իր բիզնեսը վերջնականապես տեղափոխել Գերմանիա:

Սա արդեն երկրորդ հայտնի դեպքն է, երբ խոսք է գնում խոշոր գործարարի Հայաստանը լքելու մասին (նախորդ նման դեպքը վերաբերում էր Հրանտ Վարդանյանին): Թե ինչով է սա պայամանավորված, առանձին քննարկման թեմա է: Հստակ է մի բան, որ ամեն մի խոշոր բիզնես արտերկիր տեղափոխելը բերում է աշխատատեղերի նոր կրճատումների, իսկ խոշոր գործարարության դեպքում այդ կրճատումները կարող են հազարների հասնել:

Ամեն դեպքում ցավալի է լսել այս ամենըլ: Հայաստանի նման փոքր և համեմատաբար թույլ տնտեսություն ունեցող երկրում կապիտալի արտահոսքը առանձնապես ծանր է անդրադառնում, քանի որ, լինելով սպառող երկիր և գոյատևելով հիմանականում դրսից եկած տրանսֆերտների հաշվին, մեզ մոտ այդ կապիտալի վերականգնումը բավական դժվար է լինում, եթե ոչ անհնարին:

Պարզապես զարմանալի է, թե մինչև երբ պետք է շարունակվի Հայաստանից խոշոր գործարարության արտահոսքի շքերթը: Երբ տնտեսական իրավիճակից բողոքող մանր ու միջին բզինեսին միանում է նաև խոշոր բիզնեսը, ուրեմն սա արդեն լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս:

Ցանկացել է «Մերսեդեսով» վրաերթի ենթարկել սեփական քեռակնոջը

Ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 35-ամյա Լուսինե Ա.-ն եւ հայտնել, որ հունվարի 21-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ամուսնու քրոջ որդին` 36-ամյա Արտյոմ Ա.-ն, իրենց շենքի բակում վիճաբանելով իր հետ, ցանկացել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել իրեն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Արտյոմ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Հայաստանում ընդամենը երկու նախարարություն է օգտագործում լիզենզիոն ծրագրեր

Հայաստանում պիրատության ցուցանիշը մեկ տարում նվազում է առավելագույնը 3-4 տոկոսով, ոչ ավելի: Մինչեւ կառավարությունը չգնի լիցենզիոն ծրագրեր, այդ տոկոսը չի իջնի։ Այս մասին այսօր` մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց BSA (Բիզնես սոֆթ ալիանս) միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ կառավարությունից Հայաստանում ընդամենը երկու նախարարություն է օգտագործում լիզենզիոն ծրագրեր՝ Արդարադատության ու Կրթության եւ գիտության նախարարությունները։

«Ներկայումս Հայաստանում պիրատության ցուցանիշ 90 տոկոս է, իսկ դա նշանակում է, որ այն ընդգրկում է ե’ւ կառավարությունը ե’ւ բիզնես դաշտը, ե’ւ մանր, միջին, փոքր բիզնեսը, նաեւ հասարակական սեկտորը»,-ասաց Ն. Մկրտչյանը։ Նա որպես այս տարվա ձեռքբերում նշեց հատկապես մեծ բիզնես ընկերությունների շրջանունում փոփոխությունները։

«Մեծ ընկերություններն արդեն 70 տոկոսով լեգալ դաշտում են, մասնավորապես բանկերի մասին է խոսքը, սակայն բացի բանկերից կան դեռ վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, որոնց հետ դեռեւս աշխատանքներ են ընթանում եւ այս դաշտում դեռեւս բացեր կան»,-ասաց Ն. Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ սովորաբար աշխարհի որեւէ երկրում այս ոլորտի կարգավորումը առանց կառավարության միջամտության եւ մասնակցության գրեթե տեղի չի ունեցել, իսկ 2010թ.-ի ընթացքում այս ոլորտում Հայստանում էական որեւէ առաջընթաց չկա։

«Եթե հեղինակային իրավունքի ցանկացած իրավատեր ընկերություն կառավարության կողմից աջակցության հնարավորություն ունենա, հավատացեք երկրում պիրատության նման ցուցանիշ չի արձանագրվի»,-ասաց Ն. Մկրտչյանը:

Ոստիկանության կապիտանը զինված փորձել է թալանել «Կոնվերս բանկ»-ը. նա բանկի ներսում մի քանի կրակոց է արձակել

Ոստիկանության կապիտանը զինված մտել է բանկի բաժանմունք եւ կրակոցներ արձակել: Քիչ առաջ` ժամը 12:30-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ զինված անձը մտել է «Կոնվերս բանկի» Նոր-Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի 12/10 հասցեում գտնվող մասնաճյուղ եւ փորձում է հանցագործություն կատարել: Բանկ մտած անձը ներսում արձակել է երկու-երեք կրակոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը վնասազերծվել է ոստիկանության աշխատակիցների կողմից եւ ստացել մարմնական վնասվածք: Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Պարզվել է, որ նա Ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանն է:

Դեպքի վայրում են ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, Երեւանի ոստիկանապետ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանը, Պահպանություն միավորման պետ, գնդեպետ Խաչիկ Ասատրյանը, Ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը, Նոր Նորք վարչական շրջանի դատախազ Սիսակ Խաչատրյանն ու նրա տեղակալ Դավիթ Գրիգորյանը:

Քիչ առաջ դեպքի վայր են ժամանել ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակցիները եւ համապատսապան աշխատանքներ են իրականացնում:

Նշենք, որ բանկում հայտնաբերվել է տոպրակ, որում եղել է խոշոր չափի գումար, ինչպես նաեւ «Մակարով» տեսակի ատրճանակ` իր պահունակով:

Շուտով դեպքի վայր են ժամանելու նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները` քննչական աշխատանքներ կատարելու նպատակով:

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը հայ է լինելու

Մոտ ժամանակներս Թուրքիան Ֆրանսիայում դեսպան է նշանակելու մի թուրքահայ գիտնականի. Ստամբուլում անցկացված «Ժամանակակից աշխարհում Թուրքիայի նախաձեռնողական քաղաքականությունը» միջազգային համաժողովում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Նա ասել է, որ հայազգի գիտնականի թեկնածությունն արդեն ներկայացվել է վարչապետ Էրդողանին եւ նախագահ Գյուլին, որոնք դեմ չեն: Նախարարը չի մանրամասնել, թե ով է իրենց ապագա դեսպանը:

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, որը նույնպես մասնակցել է համաժողովին, պոլսահայ լավատեղյակ շրջանակներից պարզել է, որ խոսքը տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի մասին է: Պոլսահայ ուսուցիչների զավակը MIT համալսարանում տնտեսագիտական բաժնի վարիչն է, ղեկավարում է մասնագիտական մի խումբ, որի հետազոտությունների արդյունքն առնվազն երկու անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի:

Տնօրենը վրաերթի է ենթարկել մորն ու մանկահասակ երեխային

Երեւանի Թոթովենց փողոցի թիվ 81 շենքի դիմաց մարտի 28-ին, ժամը 14-ի սահմաններում ավտովարորդ 36-ամյա Անահիտ Հակոբյանը, ով աշխատում է «Էքսպրես Մեդիա» ՍՊԸ-ի տնօրեն, «Նիսսան-Մուրանո» մակնիշի 07 SL 648 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 32-ամյա Էդիտա Կարապետյանին:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Է. Կարապետյանի գրկում գտնվող 3-ամյա Մարիաննա Կարապետյանը վթարի հետեւանքով ընկել է մոր գրկից: Վրաերթից հետո վարորդը իր ավտոմեքենայով մորն ու մանկահասակ երեխային տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել Երեւայի ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

«Կապիտալ». Գազի դիմաց անապահով խավը 30 տոկոս քիչ կվճարի

«Կապիտալ» պարբերականը գրում է. «Անապահով խավերի համար ապրիլի 1-ից գազի սակագնի 30% նվազեցումն իրականացվելու է էներգետիկ համակարգի խնայողությունների հաշվին, ոչ թե «Հայռուսգազարդի»: Գազի գնի նվազում կլինի 49,5 հազ. ընտանիքի համար։ Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունում, պատասխանելով «Կապիտալի» հարցին, թե անապահով խավի համար գազի գնի նվազեցման հարցում ի՞նչ է կատարվել, ասացին, որ էներգահամակարգին ուղղված ծրագրեր են տարվում, որոնք այս պահին բյուջետային արտացոլում չունեն։

Իր հերթին՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը «Կապիտալի» հարցին, թե անապահով խավերի համար գազի գնի նվազեցումը 30%-ով իրականացվելու է կառավարության սուբսիդավորմա՞ն միջոցով, թե՞ այլ եղանակով, պատասխանեց, որ սակագնի նվազեցումը չի ենթադրում կառավարության կողմից սուբսիդավորման որեւէ որոշման ընդունում։

«Մենք ունենք ընտանեկան նպաստներ ստացողների տեղեկատվական բազա, որը տրամադրել ենք «Հայռուսգազարդ» ընկերությանը։ Համատեղ աշխատել ենք այդ բազայի հետ, եւ տարանջատվել են բնական գազից օգտվող ընտանիքները։ «ՀայՌուսգազարդն» ինքն է կիրառելու գազի գնի իջեցում այդ ընտանիքների համար»,- ասաց նախարարը՝ հավելելով, թե խոսքը միայն անապահով ընտանիքների մասին է, որոնց թիվը մոտ 60 հազ. է։ «Կապիտալին» «Գազպրոմի» մամուլի ծառայությունում հայտնեցին, որ այս տարվա ապրիլի 1-ից գազի նոր գնի շուրջ անցած տարի սկսված բանակցությունները շարունակվում են, եւ «Գազպրոմը» չի մեկնաբանում բանակցությունների ընթացքը։ Հարցին, թե «Հայռուսգազարդը» համաձայնեցրե՞լ է «Գազպրոմի» հետ անապահով խավի համար ապրիլի 1-ից գազի գնի 30%-ով նվազեցման ծրագիրը, «Գազպրոմում» պատասխանեցին, որ որեւէ տեղեկություն չունեն սոցիալապես անապահով սպառողների համար գազն էժանացնելու՝ «Հայռուսգազարդի» ցանկության մասին։

«Բիզնեսի օպերատիվ կառավարումը գտնվում է «Հայռուսգազարդի» իրավասությունների ներքո, եւ այդ հարցը բաժնետերերի հետ նախապես համաձայնեցնելու կարիք չկա»,- ասացին ընկերության մամուլի ծառայությունում։ «ՀայՌուսգազարդում», սակայն, նշեցին, որ գազի գների նվազեցումը տեղի է ունենալու ոչ իրենց ռեսուրսների հաշվին»:

Նշենք, որ 2011թ. մարտի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 614,3 հազ. բաժանորդ։ Ստացվում է, որ անապահով խավի ընտանիքների տեսակարար կշիռը ընտանիքների ընդհանուրի թվի մեջ կազմում է 8%։ Եթե հիմք ընդունենք կառավարության հաշվարկները, որոնց համաձայն՝ 2010թ. ապրիլի 1-ից բնակչության համար գազի 37,5% թանկացման արդյունքում սոցիալապես անապահով խավերի համար ամսական լրացուցիչ ծախսերը կազմել են 2,5 հազ. դրամ, ապա սույն կատեգորիայի 49,5 հազ. ընտանիքների հաշվով նրանց էներգետիկ ծախսերի թեթեւացման համար կպահանջվի շուրջ 1,2 մլրդ դրամ, իսկ եթե սուբսիդավորումը լինի մինչեւ 2012թ. ապրիլի 1-ը, ապա կպահանջվի 1,5 մլրդ դրամ։

«Հրապարակ». ՕԵԿ-ի մի քանի անդամներ կմտնեն ՀՀԿ-ի ցուցակ, իսկ Արթուր Բաղդասարյանը նոր պաշտո՞ն կստանա

«Հրապարակ» օրաթերթն անդրադառնում է կոալիցիոն ուժերի ներսում տեղի ունեցող խմորումներին: Ըստ այդմ. «Փետրվարի 17-ին կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո քննարկվում էր երեք կուսակցությունների` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ միասնական ցուցակով ընտրությունների գնալու հարցը: Դրան ամենից շատ դեմ էր ԲՀԿ-ն:

Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը եկել են համաձայնության, որ ԱԺ ընտրությունների գնալու են առանձին-առանձին: Այս պարագայում կբարդանա ՕԵԿ-ի հարցը, սակայն ՀՀ նախագահը որոշել է անտեր չթողնել իր կրտսեր ընկերոջը եւ ՕԵԿ մի քանի անդամներ կմտնեն հանրապետականների ցուցակ:

Իսկ ընտրություններից հետո չի բացառվում, որ Արթուր Բաղդասարյանը նոր պաշտոն ստանա: Ըստ լուրերի, Պետեկամուտների կոմիտեն կիսելու են եւ Բաղդասարյանին Մաքսայինի նախագահ նշանակեն: Հարկայինը կշարունակի գործել Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ: Ի դեպ, դեռ հայտնի չէ, թե ովքեր են ՕԵԿ-ից մտնելու ԱԺ: Թերեւս հաստատ է միայն Հովհաննես Մարգարյանի հարցը, իսկ, ասենք, Հեղինե Բիշարյանինը դեռ քննարկվում է»:

Թուրքիայում հայտնաբերվել է Պիկասոյի կտավը, որը գողացել էին 20 տարի առաջ

Թուրքիայում իրավապահների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է եւ առգրավվել Պաբլո Պիկասոյի կտավը, որը գողացել էին 20 տարի առաջ: Այս մասին հաղորդում է թուրքական Radikal թերթը:

Ոստիկանական գործողությունն անցկացվել է Բալըքեսիր քաղաքում, որի արդյունքում ձերբակալվել է 41-ամյա մի տղամարդ, որի տանն էլ հենց գտել են Պիկասոյի կտավը: Ձերբակալվածի անունը հետաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում:

Խոսքը գնում է Պիկասոյի վրձնին պատկանող կտավի մասին, որը գողացել էին Քուվեյթի թանգարանից 1991 թվականին Պարսից ծոցի պատերազմի ժամանակ: Կտավի արժեքը 10 մլն դոլար է:

«Առավոտ». Սուտ է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը պայմանավորվածություն ունի Սերժ Սարգսյանի հետ

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Երբ ասում են, թե Լեւոն Տեր-Պետորսյանը կռիվ է տալիս աթոռի համար կամ գաղտնի պայմանավորվածություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, դա, անշուշտ, սուտ է, կամ միտումնավոր հերյուրանք է, կամ էլ` մոլորություն:

(Վերապահում անեմ` եթե խոսքը անձամբ առաջին նախագահի մասին է): Նա պայքարում է իր սկզբունքների, իր գաղափարների համար: Այլ հարց է, որ դա արվում է Հայաստանում ձեւավորված քաղաքական մշակույթի շրջանակներում: Համաձայն դրա` նա, ով քեզանից մի քիչ տարբեր է մտածում, նա կա’մ «ներդրված է» քո հակառակորդի կողմից, կա’մ էլ, լավագույն դեպքում, խանգարում է, «ընկնում է ոտիդ տակ»: Մեր քաղաքական գործիչների եւ շարքային քաղաքացիների մեծ մասի մտքով անգամ չի կարող անցնել, որ բազամազանությունը կարող է իրեն ոչ թե խանգարել, այլ օգնել, եւ, հենց այդ պատճառով էլ դրսեւորում են ստանդարտ, ոչ օրիգինալ վարքագիծ: Բնականաբար, նրանք, ում ձեռքին մահակ կամ «բերդի բանալի» կա, խփում են այլախոհների գլխին կամ նրանց տանում են բերդ` որ իրենց «պետականաստեղծ» գործերում ոտի տակ չընկնեն»:

Mar 28, 2011

ՀՀԿ-ն հացադուլներից հետեւություն չի անում

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլը ծայրահեղ միջոց է` ծայրահեղ իրավիճակի համար. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգության» առաջնորդի քայլն այսպես որակեց ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Նա խորհուրդ տվեց Ր. Հովհաննիսյանին` դադարեցնել հացադուլը եւ քաղաքական պայքարի համար օգտագործել ԱԺ ամբիոնը: «Մենք հացադուլներից հետեւություններ չենք անում»,- նշեց Կ. Աճեմյանը:

Ի պատասխան «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց, որ ԱԺ-ում «ինչ որոշումներ ասես չեն առաջարկել, սակայն ձայն բարբառո հանապատի»:

Ի դեպ, Կ. Աճեմյանն այդպես էլ չպատասխանեց «Երկիր»-ի հարցին, թե կարո՞ղ է նշել մեկ-երկու կոնկրետ, տեսանելի արդյունքով բարեփոխումներ: Նա միայն ասաց. «Դրանք դեռեւս կայացման փուլում են` ավագ դպրոցների եւ մի շարք այլ հարցեր»:

Արթուր Աբրահամը դառնալու է Եվրատեսիլում Հայաստանի երգի տեսահոլովակի հերոսը

Հայկական ծագմամբ գերմանացի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը լինելու է «Boom-Boom» երգի տեսահոլովակի հերոսը: Այդ երգով երգչուհի Էմմին ներկայացնելու է Հայաստանը «Եվրատեսիլ-2011»-ին` Դյուսելդորֆում: Այդ մասին մարտի 28-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Էմմին` չբացահայտելով, սակայն, հոլովակի մանրամասները:

Երգչուհու խոսքով, հոլովակը, որի նկարահանումները կայացել են Հայաստանում եւ Գերմանիայում, պատրաստ կլինի մեկ շաբաթվա ընթացքում, ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է:

Էմմիի խոսքով, իր երգը ոչ մի բանի մասին էլ չէ, պարզապես ուրախ երգ է, որը պարելու ցանկություն է առաջացնում. «Հուսով եմ, որ այն կուրախացնի նաեւ մրցույթից հետո»:

Երգչուհին նաեւ հայտնել է, որ առաջիկա օրերին կսկսի իր պրոմո-տուրը եվրոպական երկրներում, իսկ «Եվրատեսիլ-2011»-ի ընթացքում իր գործունեությունը նվիրում է հոր` Դավիթ Բեջանյանի հիշատակին:

Հանրապետականն ի՞նչ կապ ունի հղիների հետ. Բանավիճում են ՀՀԿ-ն ու «Ժառանգությունը»

Իշխանությունը, չցանկանալով երկրում նորմալ ընտրություններ կազմակերպել, չի ընդունում «Ժառանգության» առաջարկները ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 28-ին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա մատնանշեց, «Ժառանգության» գնահատմամբ, կարեւոր երկու առաջարկ` ընտրություններից հետո հրապարակել ընտրացուցակները, եւ տեսանկարահանել քվեարկության գործընթացը եւ ընտրատարածքը:

«Սակայն իշխանությունը մեր առաջարկները մերժեց շատ պրիմիտիվ հիմնավորումներով: Մեկ, որ ընտրացուցակների հրապարակումով ընտրության գաղտնիությունը խախտվում է, քանի որ մարդու ստորագրությունը հրապարակային է դառնում: Իսկ ինչ վերաբերում է տեսանկարահանմանը, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե մարդիկ կմտածեն, թե ի՞նչ շոր հագնեն ընտրության գնալիս: Այսքան պարզունակ բան կարելի՞ է ասել»,-նկատեց Բախշյանը:

Նրա հետ բանավիճող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ, չընդունեց հասցեագրված մեղադրանքն ու ասաց, թե ընդդիմությունը բոյկոտել է ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ քննարկումները` փոխանակ գար եւ իր առաջարկությունները պնդեր:

Անահիտ Բախշյանն էլ ի պատասխան ասաց, որ չկա մի ոլորտ, որի վերաբերյալ «Ժառանգությունը» առաջարկներ ներկայացնի, եւ դրանք չարհամարհվեն իշխանության կողմից: «Ժառանգության» պատգամավորը մատնանշեց առողջապահության, բնապահպանության ոլորտին վերաբերող, ինչպես նաեւ հղիության նպաստի կրճատման վերաբերյալ օրինագծի վերաբերյալ «Ժառանգության» առաջարկները:

Կարինե Աճեմյանն ասաց, որ շատ մարդիկ օգտվում էին օրենքի բացից եւ կարողանում էին պետությունից գումարներ տանել` հղիներին բարձր աշխատավարձ նշանակելով, սական օրենքը լրամշակվեց եւ այդ բացը վերացվեց: «Դրանք նույն Հանրապետականի եւ «Բարգավաճի» մարդիկ չե՞ն, որոնք բարձր աշխատավարձով մարդիկ են ընդունում աշխատանքի»,-հակադարձեց Անահիտ Բախշյանը: «Ո~չ, Հանրապետականն ի՞նչ կապ ունի հղիների հետ»,-տարակուսեց Աճեմյանը:

Հայկական հեռուստաեթերը բուժման կարիք ունի

Ազգայնական երիտասարդական մի խումբ կազմակերպություններ նամակ են հղել ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին և հայկական բոլոր հեռուստաալիքների տնօրինություններին, խնդրելով եթերից զրկել անբարո ոճի տեսահոլովակներ և տեքստեր ունեցող կատարողների` մասնավորապես, իր սկանդալային վարքով հայտնի Ջուսին և այլն:

Այն, որ, ի վերջո, նման կոչ կամ արձագանք պետք է լիներ, կասկածից վեր էր, քանի որ հայրենի հեռուստատեսությունը վաղուց վերածվել է փողոցային մշակույթը պրոպագանդող միջոցի: Փողոցային կոպիտ լեքսիկոնով են լցվել ինչպես երգն ու երաժշտությոնը, այնպես էլ հայրենի հեռուստաեթերի անբաժանելի մաս դարձած հեռուստասերիալներն ու “հումորային” հաղորդումները:

Բայց, պարզվում է այս նամակը առաջացրել է բուռն դժգոհություն և համապատասխան ռեակցիա հայրենի շոու-բիզնեսի մի շարք “աստղերի” կողմից: Թե ինչն է պատճառը, առաջին հայացքից դժվար է ասել. գուցե այն, որ նման արգելող կոչը վերաբերում է իրենց “կոլեգային”, իսկ գուցե այն, որ նման բարքերի անկում այսօր կա գրեթե բոլոր շուոբիզնեսյան ներկայացուցիչների մոտ, և ուղղակի գործում է այսպիսի մոտեցում. “այսօր Ջուսին են ասում, վաղը մեզ էլ կասեն”:

Ինչևէ, կարծում ենք որ այս նախաձեռնությունը միանգամայն ողջունելի քայլ է, և գոնե փոքր ինչ կսթափեցնի հայրենի հեռուստատեսության պատասխանատու դեմքերին, ստիպելով դնել որոշակի նորմեր, որոնք թույլ կտան գոնե փոքր-ինչ շտկել հայկական եթերի վաղուց արդեն գռեհիկ և “ռաբիզացված” բնույթը:

Mar 25, 2011

Հայտնաբերվել է չափազանց սառը գորշ թզուկ աստղերի զույգ


Ամերիկացի աստղագետ Մայքլ Լյուն իր ֆրանսիացի և կանադացի գործընկերների հետ միասին՝ օգտագործելով Հավայան կղզիներում տեղադրված Կեկ II 10մ և Կանադա-Ֆրանս-Հավայական 3.6մ աստղադիտակները, ինչպես նաև Եվրոպական հարավային աստղադիտարանի 8մ աստղադիտակը, բացահայտել են ներկայումս մեզ հայտնի ամենասառը աստղը՝ կրկնակի համակարգում գտնվող մի գորշ թզուկ, որն ունի նոր պատրաստված տաք թեյի ջերմաստիճան, ինչը թեկուզ և մարդկային չափանիշներով ջերմ է համարվում, սակայն աստղային մակերևույթի համար անսովոր սառն է: Այս օբյեկտն այնքան սառն է, որ համարյա հատում է սառը թզուկ աստղերի և ջերմ մեծ մոլորակների սահմանը բնորոշող գիծը: Գորշ թզուկներն ըստ էության ձախողված աստղեր են. նրանց մոտ կա աստղերի ճառագայթումը պայմանավորող միջուկային ռեակցիաներ առաջացնելու համար անհրաժեշտ գրավիտացիան ապահովող զանգվածի պակաս: Նոր հայտնաբերված գորշ թզուկը, որ նշանակվում է CFBDSIR 1458+10B, Երկրից 75 լուսատարի հեռավորության վրա գտնվող կրկնակի գորշ թզուկների համակարգի թույլ անդամն է: Երկու աստղերը պտտվում են միմյանց շուրջ մոտ երեք Երկիր-Արեգակ հեռավորության վրա մոտ 30 տարի պարբերականությամբ: Թույլ բաղադրիչի ջերմաստիճանը Ցելսիուսի սանդղակով մոտ 100 աստիճան է /համեմատության համար՝ Արեգակի մթնոլորտի ջերմաստիճանը մոտ 5500 աստիճան է/: Նշենք, որ աստղերի ջերմաստիճանը չափվում է սպեկտրադիտական եղանակներով: Այսպիսի ջերմաստիճանների դեպքում աստղի հատկությունները նմանվում են հսկա մոլորակների հատկություններին. օրինակ նրա մթնոլորտում կարող են նույնիսկ ջրային գոլորշիներ լինել: Հեղինակների կարծիքով, ապագայում բազմաթիվ այլ այսպիսի աստղեր կգտնվեն:

Գյուղնախարարությունը զտման է ենթարկվում

Ըստ մամուլում տարածված տեղեկատվության, օրերս աշխատանքից կազատվի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը: Այս պաշտոնյան ՕԵԿ-ի ընդդիմադիր դառնալու ժամանակ լքեց այդ կուսակցության շարքերըմնալով այդ կուսակցության քվոտայով ստացած պաշտոնին:
Այս պաշտոնանկությունը թերևս պետք է նայել նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մարտի 12-ի իր ելույթում  գյուղը, գյուղացուն և գյուղատնտեսության ոլորտն ընդհանրապես որպես առջանահերթ ոլորտ ճանաչելու, մայիս-հունիս ամիսներից հասարակությանը գյուղմթերքների գնանկումներ խոստանալու և այլն համատեքստում: Այս հայտարարությունների ֆոնին, թերևս, գյուղնախարարությունում կատարվում է որոշակի զտում այնպիսի կադրերի, որոնք ինչ-ինչ ձևով կարող են խանգարել գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումներին: Հետևաբար հասկանալի է դառնում, որ նախագահի կողմից հստակ հրահանգ է իջեցվել մինչև նշված ժամանակահատվածը հասնել շոշափելի արդյունքների և այս սպասվող պաշտոնանկությունը այդ հրահանգի ուղղակի հետևանքներից մեկն է:
Նշենք, որ նույն հրապարակման մեջ նշվում է, որ գյուղնախարարության իրազեկ աղբյուրները հավատացնում են, որ Սամվել Ավետիսյանի ազատումից հետո գյուղատնտեսության բնագավառում դրական տեղաշարժեր անպայման կլինեն, և Սերգո Կարապետյանի ջանքերն ինչ-ինչ արդյունք կտան։

Գագիկ Ծառուկյանը դիմելու է Սերժ Սարգսյանին՝ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ մեղմ մոտեցում ցուցաբերելու հարցով

Այսօր «Մոսկվայի տանը» Լոնդոն–2012 օլիմպիական խաղերին նվիրված շնորհանդեսից հետո Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների խնդրանքով պատասխանել է մի շարք հարցերի։

Գնահատելով Հայաստանի ներկա սոցիալ–տնտեսական վիճակը՝ նա ասել է.

–Ես տնտեսության մասին արդեն երեք տարի է՝ ասում եմ, որ կան խնդիրներ, տնտեսական ճգնաժամ, փոքր ու միջին բիզնես, կրթություն, երիտասարդություն, ուսանողություն, և բոլոր լագրողները, քաղաքական գործիչները եթե նայեն՝ երեք տարի առաջ պարոն Ծառուկյանն ի՞նչ է ասել, կտեսնեն, որ ասել է՝ առաջին հերթին փոքր ու միջին բիզնեսին պետք է մեծ ուշադրություն դարձնել, հնարավորություն տրվի, ոչ թե ասեն՝ դա իրե՛նց գործն է։ Դա ամբողջ մեր պետության, մեր ժողողվրդի, կառավարության գործն է։ Այն մարդը, ով ունի արժանապատիվ աշխատանք, լավ ընտանք, ուրեմն նա ամենալավ քաղաքացին է։ Պետք է մադուն կարողանաս ապահովել, որ նա կարողանա իր ընտանիքը պահել, իր ծնողին կերակրել։ Այդ ժամանակ նա օրինակելի քաղաքացի է, բարեկեցիկ ընտանիք ունի և պատրաստ է պայքարելու իր երկրի համար, բոլոր մարտահրավերների դեմ։ Իսկ եթե մարդը չի կարողանում իր ընտանիքին պահել, իր ծնողին կերակրել, ուրեմն նա ուզում է թողնել– գնալ այստեղից։ Հիմնական խնդիրը սա է, որ մենք պետք է կարողանանք այդ խնդիրները կարգավորել, միասնական լինել, միասնական որոշում կայացնել՝ այդ չլուծված լինելու պատճառները պարզել և լուծման ուղղությունները գտնել։

Իսկ որպես ՀԱՕԿ նախագահ՝ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի ձերբակալությանը, որ տեղի է ունեցել երկրից իր բացակայության օրերին։

–Սամսոն Խաչատրյանն ամենալավ մարզիկներից մեկն է, նա կարողացել է մեր երկրի մարզական աշխարհի դիրքերը, հեղինակությունն ամբողջ աշխարհում բարձր պահել։ Կապ չունի կուսակցական պատկանելությունը, բայց ես՝ որպես օլիմպիական կոմիտեի նախագահ, պարտավոր եմ այդ հարցով մտահոգ լինել, և որպես օլիմիպիական կոմիտեի նախագահ՝ ես երկրի նախագահին դիմելու եմ, որ հնարավորության սահմաններում մեղմ մոտեցում լինի, որովհետև ամբողջ մարզաշխարհում նա սիրված, հարգված մարդ է։ Բայց դա նաև չի նշանակում, որ այդքան մեծ լումա, հեղինակություն ունեցող մարզիկները պետք է օրենքի խախտում թույլ տան։ Սա պետք է լինի վերջինը, կամ դա պետք է հիմք չհանդիսանա, որ մյուսները նման բան անեն։ Ես նոր եմ եկել, և ՀԱՕԿ նախագահի պարտքն է, որ ես այդ հարցով դիմեմ նախագահին, որ մեղմ մոտեցում լինի,–ընդգծել է նա։

Ի դեպ՝ երկրից Գագիկ Ծառուկյանի բացակայության մասին։ Որոշ լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, թե կապված ներքաղաքական լարված իրավիճակի հետ՝ նա ընտանիքի հետ միասին հապշտապ թողել–հեռացել էր երկրից։ Այսօր Գագիկ Ծառուկյանը հերքել է այդ լուրերը։

–Հենց այդ լուրեր տարածողներն են այդպիսի մարդիկ, ովքեր ընդունակ են այդպիսի բաների։ Պարոն Ծառուկյանը մեծ կոլեկտիվ ունի, 25 հազ. աշխատող ունի, պատասխանատու է իր կոլեկտիվի առաջ, իր գործի առաջ, Օլիմպիական կոմիտեի առաջ, իր պատգամավորների առաջ, կուսակցականների առաջ, մարզաշխարհի առաջ։ Մենք սիրում ենք մեր երկիրը, մեր ժողովրդին։ Մենք ոչ մի տեղ էլ չենք գնա, մենք պետք է կարգավորենք, մենք պատասխանատու ենք մեր երկրի, մեր ժողովրդի առաջ,–ասել է ԲՀԿ նախագահը։

ԱԺ նախագահը նախատեսում է այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին

Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր` մարտի 25-ին, օրվա երկրորդ կեսին պետք է այցելի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը, ով արդեն 11-րդ օրն է` հացադուլի մեջ է, անդրադառնալով ԱԺ նախագահի հնարավոր այցելությանը` նշեց «Հուսով եմ, որ պարոն Աբրահամյանը վեր կկանգնի իշխող կուսակցության կամ միջկուսակցական բարդույթներից, կգա եւ իր ասելիքը ինձ կասի»: Այցելելու մտադրություն ունեին նաեւ կոալիցիայի անդամ խմբակցությունները, սակայն այցը ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց:

Նշենք, որ այսօր Հովհաննիսյանին է այցելել նաեւ ԱԺ ախատակազմի ղեկավար Գեղամ Ղարիջանյանը, իսկ երեկ երեկոյան` նախագահական նստավայրի աշխատակիցը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը կդադարեցնի երկու դեպքում. Եթե Աստված ասի` բավ է, եւ եթե…

Ամբողջ իշխանության նորովի, արտահերթ եւ օրինավոր ձեւավորում. այսօր` մարտի 25-ին հրավիրած ասուլիսում այս պահանջն առաջ քաշեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհննիսյանը, ով Ազատության հրապարակում արդեն 11-րդ օրն է` հացադուլ է իրականացնում: Րաֆֆի Հովհաննիսյանը սա համարեց ժողովրդի պահանջը: «Սա ժողովրդի պահանջն է, եւ ես շատ փոքր եմ, որ պաստառ կպցնեմ եւ ասեմ, որ սա իմ պահանջն է: Որպեսզի իշխանությունը վերադարձվի ժողովրդին, անհրաժեշտ է գործող իշխանության գիտակցություն, ինչպես նաեւ ժողովրդի ոգի եւ վճռականություն»,-նշեց Հովհաննիսյանը:

Նա շնորհակալություն հայտեց այն համաքաղաքացիներին, որոնց համառ ջանքերի շնորհիվ Ազատության հրապարակում երեկ վրան տեղադրվեց:

«Տեղադրելով վրանը` համաքաղաքացիները պաշտպանեցին մարդու իմ իրավունքը եւ ի կատար ածեցին օրենքի պահանջը: Նրանք դարձան իրավապահները Հայաստանի Հանրապետության: Եւ հպարտ եմ, որ նման քաղաքացիներ ունեմ: Եւ մի քիչ մեղքի զգացում ունեմ, քանի որ առաջին գիշերն է, որ լյուքս համարում քնեցի, ինչը ժողովրդի պահանջն էր»,-հայտարարեց Հովհաննիսյանը`հավելելով, որ իր ինքնազգացողությունը լավ է, ինքն իրեն լիցքավորված է զգում, տրամադրությունն էլ մարտական է:

Հարցին, թե կա՞ պահանջ, որի իրականացման դեպքում «Ժառանգության» հիմնադիրը կդադարեցնի հացադուլը, Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց: Նա մտադիր է շարունակել իր հացադուլ-ծոմը` ակնկալելով, որ երկրի իշխանավորներն «իրենց խելքը, խիղճը , հոգին եւ քաղաքական գիտակցությունը պետության նկատմամբ պատասխանատվությունը կօգտագործեն` արմատապես փոխելու իրենց մոտեցումները»:

Ընդդիմադիր գործչի խոսքով` ոչ մի պահանջ, կամ դրա բավարարումը չի բերելու իր` հացադուլից դուրս գալու որոշմանը: Նա հացադուլը դադարեցնելու է երկու դեպքում եւ դադարեցումը լինելու է իր «ենթակայական, սուբյեկտիվ որոշումը»: Ըստ այդմ` եթե Աստված իրեն ասի, որ բավ է, այսքանով պիտի բավարարվես, եւ երկրորդ, եթե ՀՀ նախագահը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա մոտենա իրեն եւ ներկայացնի արմատական լուծումներ, որոնք ներառում են նաեւ արտահերթ ընտրությունների անցկացումը:

Mar 24, 2011

Քաղաքապետարանը կրկին մերժեց

Քաղաքապետարանը կրկին մերժել է ՀԱԿ-ի ապրիլի 8-ի հանրահավաքի համար տրամադրել Ազատության հրապարակը, պատճառաբանելով, որ այդ օրը այնտեղ այլ միջոցառում է անցկացվելու: Փաստորեն, նույն պատմությունը նորից կրկնվում է:
Թե ինչ է սա նշանակում, դժվար է միանշանակ ասել: Հնարավոր են մի քանի մեկնաբանություն.
1. Իշխանությունները այսպիսով փորձում են ցույց տալ, որ իրենց և ՀԱԿ-ի միջև, ի հեճուկս շրջանառվող լուրերի, իրականում ոչ մի պայմանավորվածություն էչ չկա, այլ ամեն ինչ մնացել է նույնը, պարզապես իրենք պատրաստ են գնալ երկխոսության և վերջ:
2. Այս ամենը ձեռնտու է հենց ՀԱԿ-ին, քանի որ այսպիսով հենց ինքը կժխտի ցանկացած տեսակի պայամանավորվածություն իր և իշխանության միջև:
3. Ինչպես ցույց տվեց մարտի 17-ի հանրահավաքը, Ազատության հրապարակի «վերանվաճումը» ունեցավ ցնցող էֆֆեկտ բոլոր հավաքված ցուցարարների վրա, դնելով նրանց իսկական հեղափոխական էյֆորիայի մեջ: Թերևս չէր խանագարի հաջորդ հանրահավաքին հայտարարել, որ քաղաքապետարանը կրկին արգելել է հանրահավաք անցկացնել «Ազատության» հրապարակում և ևս մեկ անգամ ժողովրդի հետ «վերանվաճել» այն:

Հիմնական մեկնաբանություները սրանք կարող են լինել, չնայած ամենևին չի բացառվում բոլորովին այլ պատճառների կամ պայմանվորվածությունների առկայությունը, որոնք գուցե բացահայտվեն ապագայում: Կամ գուցե քաղաքապետարանը իրեն ապահովագրելու համար է գնացել այս քայլին` հետագայում իր հասցեին մեղադրանքներ չստանալու համար:
Ամեն դեպքում հստակ է մի բան. ապրիլի 8-ի հանրահավաքը կանցնի նույն սցենարով, ինչ մարտի 17-ի, այսինքն Մատենադարանից երթով և «Ազատության» հրապարակ մուտք գործելով, չնայած, այս անգամ դա կարող է այլևս չունենալ այն տպավորությունը, ինչ մարտի 17-ին, քանի որ, ինչպես ասում է հայտնի առածը «Նույն գետը երկու անգամ չես մտնի»:

Ամերիկացիներն ամուսնացան իրենց քաղաքի հետ

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի, Դարեմ քաղաքի բնակիչները պսակադրության արարողություն են իրականացրել իրենց քաղաքի հետ: Տոնական միջոցառմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ:

Մարտի 20-ին տեղի ունեցած հարսանիքի մասնակիցները պատմել են, որ իրենք իրոք սիրահարված են իրենց քաղաքին և համարում են, որ ընտանիք կազմելու համար սա լավագույն վայրն է: Հետաքրքիր է, որ նորաթուխ ամուսնական զույգերից շատերը Դարեմ են տեղափոխվել մեծ քաղաքներից, և նրանց խոսքերով, հասցրել են սիրել իրենց ապրելու նոր վայրը:

Քաղաքի հետ մասսայական ամուսնության արարողությունը բարեգործական բնույթ էր կրում: Տոնակատարության ժամանակ քաղաքում կարելի էր գնել տարբեր տեսակի հատուկ պատրաստված հարսանեկան նվերներ, որի վաճառքից ստացված շահույթը կփոխանցվի միանգամից հինգ ոչ առևտրային կազմակերպությունների ֆոնդին: Ակցիայի շրջանակներում հաջողվել է հավաքել ավելի քան 10 հազար դոլար:

Դարեմը գտնվում է Հյուսիսային Կարոլինայի հարավ-արևելքում և համանուն շրջանի վարչական կենտրոնն է համարվում: 2010 թ.-ի տվյալներով, քաղաքում ապրում է 228 հազար 330 մարդ:

Կյանքից հեռացավ Հոլիվուդի հայտնի աստղ Էլիզաբեթ Թեյլորը

Կյանքի 79-րդ տարում մահացել է Հոլիվուդի աստղ Էլիզաբեթ Թեյլորը, որը սրտի անբավարար աշխատանքի պատճառով երկու ամիս առաջ էր տեղափոխվել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկը:

Թեյլորի դերասանական կարիերան սկսվել է 12 տարեկան հասակում, որին շատ հաճախ ՝՝աշխարհի ամենագեղեցիկ՛՛ կին են անվանել:

Վերջին անգամ Էլիզաբեթ Թեյլորը նկարահանումների է մասնակցել 2001 թվականին:

Իր դերասանական կարիերայի ընթացքում Թեյլորն արժանացել է մի քանի «Օսկար» մրցանակի: Նրան սակայն հաճախ քննադատել են կյանքի ընթացքում ութ անգամ ամուսնանալու համար:

Կյանքի վերջին տարիներին Էլիզաբեթ Թեյլորը եղել է մարդկության առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքի ջատագովը: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքի համար 1993 թվականին նա արժանացել է «Օսկար»-ի հատուկ մրցանակի:

«Հայկական ժամանակ». Գտնվել է Փաշինյանի նամակը

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին հանձնած նամակներից մեկը երեկ մուտք է եղել «Հայփոստ» ընկերության Արթիկի բաժանմունք: «Մեր տեղեկություններով, մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ արձագանքել են Նիկոլ Փաշինայնի ուղերձին եւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից փորձել են պարզել, թե ուր են անհետանում Նիկոլի նամակները: Ի վերջո, նամակներից մեկը գտնվել է»,-գրում է թերթը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել լրագրողական հանրությանը ամեն օր «Արթիկ» ՔԿՀ-ից հետաքրքրվել, թե ինքը` Նիկոլը նամակ հանձնե՞լ է ՔԿՀ-ի վարչակազմին, թե ոչ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

«Առավոտ». Գյումրիում բժիշկ են կալանավորել

Պաշտոնեական դիրքն օգտագործելու, լիազորությունները չարաշահելու, խոշոր չափի կաշառք վերցնելու եւ յուրացնելու մեղադրանքով նախորդ օրը կալանավորվել է Գյումրու Է. Մատեյի անվան իտալական պոլիկլինիկայի տնօրեն Տաթեւիկ Փանոսյանը: Տիկնոջ դեմ Շիրակի մարզի քննչական բաժնում թեեւ նյութեր էին նախապատրաստվում դեռեւս 2010 թվականի սեպտեմբերից, սակայն մեղադրանք է առաջադրվել նույն թվականի դեկտեմբերի 15-ին`Քերական օրենսգրքի 3 ծանր հոդվածներով` 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է` խոշոր չափի կաշառք վերցնելը, 179 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 308 հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացում կատարելը: Նախորդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է որպես խափանման միջոց ընտրել կալանքը, սակայն Տաթեւիկ Փանոսյանի սիրտն այնքան է վատացել, որ նրան անմիջապես տեղափոխել են Գյումրու մարզային հիվանդանոց: Այժմ բժշկուհին գտնվում է վերահսկողության տակ:

Թերթը դեռեւս անցյալ տարի գրել էր, որ իտալական պոլիկլինիկայի տնօրենի հարցերով զբաղված է Ազգային անվտանգության ծառայությունը, պատճառն այն է, որ պոլիկլինիկայի նախկին բուժաշխատողներից մեկը բողոք է ներկայացրել տնօրենի դեմ` դժգոհելով, որ թեեւ Տաթեւիկ Փանոսյանը իրենից «հախ» է վերցրել աշխատանքից չազատելու համար, սակայն խոստումը չի կատարել: «Մեր աղբյուրների հաղորդմամբ, ԱԱԾ-ն հետաքրքրված է եղել նաեւ պոլիկլինիկայի ներսում կատարվող դրամահավաքությամբ, մասնավորապես այն փաստով, որ տնօրենը բուժաշխատողներից 500-ական դրամ է հավաքել բուժհաստատության ներսում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար»,-գրում է «Առավոտը»:

Mar 23, 2011

Կառավարությունը 200 տոննա գարու սերմացու է ներկրելու, որը կտրվի առավել աղքատ համայնքներին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 23-ին խորհրդակցություն է անցկացրել 2011թ. գարու արտադրության զարգացման ծրագրի վերաբերյալ եւ նշել, որ 2000 տոննա սերմացուն հանրապետություն է բերվելու ոչ միայն սերմնաբուծությունը զարգացնելու, այլեւ մի քանի հիմնական խնդիրներ լուծելու նպատակով: Այս մասին տեղեկանում են Կառավարության մամուլի ծառայությունից:

«Քննարկումների ժամանակ բազմիցս արձանագրվել է, որ մշակվող հողատարածքները կրճատվում են: Պետության այս ծրագիրը նպատակ ունի խրախուսել գյուղացիներին` այդ հողերը մշակելու հարցում»,-ասել է կառավարության ղեկավարը` ընդգծելով, որ այս օգնությունը առաջին հերթին պետք է հասնի առավել աղքատ համայնքներին, որտեղ կան սոցիալապես կարիքավոր մարդիկ:

Կարեւորելով հենց այդ թիրախային խմբին գարու սերմացուով ապահովելու հարցը, վարչապետը նշել է, որ չպետք է խաթարվի արդարության սկզբունքը:

«Հանրապետությունում գարու սերմացուի պահանջարկը 11 հազար տոննա է, մենք բերում ենք 2000 տոննա: Հասկանալի է, որ մենք բոլորին չենք կարող բավարարել, այլ միայն պահանջարկի 20 տոկոսը: Կարծում ենք` արդյունքում մի կողմից կունենանք աճ գյուղատնտեսության ոլորտում, մյուս կողմից էլ` մշակվող հողերի ավելացում»,- ասել է վարչապետը:

Նշենք, որ Տարածքային կառավարման նախարարությունն այսօր վարչապետին է ներկայացնելու Հայաստանի առավել կարիքավոր 200 համայնքերի ցուցակը: Այդ ցուցակները կտրվեն նաեւ մարզպետներին` բաշխում կատարելիս սերմացուն առաջին հերթին առավել աղքատ համայնքներին տալու համար:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ծրագիրը գտնվելու է իր անմիջական վերահսկողության ներքո:

Կանանց ակումբը ընդունելություն կկազմակերպի զինծառայության մեջ գտնվող կանանց համար

Կանանց մեկամսյակի շրջանակներում Կանանց Ակումբը մարտի 24-ին կազմակերպում է ընդունելություն` զինծառայության մեջ գտնվող կանանց համար:

Միջոցառման նպատակն է մեծարել կանանց, ովքեր զբաղված լինելով անձնատուր եւ պատասխանատու աշխատանքով, շարունակում են մնալ կին:

«Վստահ ենք, որ այս հանդիպումը հիանալի առիթ է մեր խորին հարգանքն ու անսահման երախտիքն ուղղելու սահմանամերձ գոտում ծառայող կանանց, եւ քաջալերելու նրանց ազգանվեր եւ դժվարին գործում: Երեկոյի ընթացքում կանանց սպասվում են հաճելի եւ անսպասելի անակնկալներ, սիրված երգիչների կատարումներ: Հրավիրված են լինելու Կանանց ակումբի անդամները, բարձրաստիճան պաշտոնյա կանայք, միջազգային կառույցների կին ներկայացուցիչներ, կին լրագրողներ»,- ասված է Կանանց ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Միջոցառումը տեղի կունենա ՀՀ Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում:

Ապրիլի 1-ից սոցիալական քարտ կարելի է ստանալ online

Շուտով Հայաստանի քաղաքացիները կարող են առավել հեշտ ձեւով ստանալ սոցիալական քարտ:

Սոցիալական քարտը ապրիլի 1-ից կարելի է ստանալ online: Այս մասին ասում է «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնի ծրագրերի պատասխանատու Գայանե Ղարագյոզյանը: Նրա խոսքով`կենտրոնի ներդրած ցանցային համակարգի միջոցով քաղաքացիները կարող են գրանցել իրենց տվյալները «Նորք» կենտրոնի` www.norq.am կամ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` www.mss.am ինտերնետային կայքերի համապատասխան հատվածում, իսկ երկու աշխատանքային օր հետո անձը հաստատող փաստաթղթով կարող են ներկայանալ կենտրոն եւ ստանալ իրենց սոցիալական քարտը:

Նշենք, որ սոցիալական քարտը տրամադրվում է անվճար:

Կճոյանի դիմագծերով Մեսրոպ Մաշտոցի քանդակի համար վճարել է հենց ինքը՝ Կճոյանը

Օշականի դպրատան բակում տեղադրված Մեսրոպ Մաշտոցի տուֆե քանդակի դիմագծերը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանինն են, որի համար վճարել է հենց ինքը՝ Կճոյանը:

Բացի այդ, Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատան ներսում տեղադրված է քանդակ, որում եւս Մաշտոցը Կճոյանի դիմագծերով է: Այս հուշարձանը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը հեղինակել է դեռ 10 տարի առաջ եւ չի հասկանում իր այդ ստեղծագործության շուրջ Կճոյանի անձի պատճառով մամուլի բարձրացած աղմուկը - ասաց արվեստագետը:

«Այդ քանդակի մտահղացումը կար դեռ Գարեգին Ա կաթողիկոսի ժամանակներից։ Նա ինձ պատվիրեց նմանատիպ մի գործ ստեղծել եւ քանի որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այն ժամանակ Արագածոտնի թեմի առաջնորդն էր ու նրա դիմագծերի մեջ ես տեսա ինձ ոգեշնչած հայկական առնականությունը, որոշեցի Մեսրոպ Մաշտոցի քանդակը պատկերել հենց նրա դիմագծերով։ Գիպսե քանդակում Սահակ Պարթեւ կաթողիկոսին պատկերեցի Գարեգին Ա կաթողիկոսի դեմքով, իսկ ահա Վռամշապուհ արքային՝ մեր բակում ապրող մի շատ լավ երիտասարդի դիմագծերով։ Այնպես որ, բոլոր կերպարների համար էլ իրական դեմքեր եմ վերցրել։ Հետո որոշեցինք գիպսե քանդակը բրոնզից ձուլել, սակայն որոշումն անհետեւանք մնաց։ Հիմա չեմ կարող հասկանալ, թե խնդիրն ինչո՞ւմն է, անընդհատ զանգում են ինձ, Կճոյան, հա Կճոյան։ Եթե նրա հետ կապված խնդիրներ կան, ես ի՞նչ կապ ունեմ»,- ասաց քանդակագործ Թոքմաջյանը:

«Այստեղ ուրիշ խնդիր կա. Կճոյանը թանկարժեք մեքենա է վարում, իբրեւ այդ մեքենան եւ Մեսրոպ Մաշտոցն իրար չեն բռնում: Հա կարող է չեն բռնում, բայց հո Կճոյանը Մեսրոպ Մաշտոցը չէ՞»,- ասաց Լեւոն Թոքմաջյանը՝ ավելացնելով, որ Գարեգին Ա կաթողիկոսի մահից հետո դպրատան բակում տեղադրված Մեսրոպ Մաշտոցի առանձին տուֆե քանդակի համար իրեն տարիներ առաջ վճարել է հենց Կճոյանը։

Հարցին, թե դպրատանը տեղադրված արքեպիսկոպոս Կճոյանի կիսանդրի՞ն էլ 10 տարվա վաղեմություն ունի, արվեստագետն ասաց. «Այո, դա այն ժամանակ էր, երբ նա Արագածոտնի թեմի առաջնորդն էր»։

Նշենք, որ համաձայն մամուլի հրապարակումների՝ Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատանը տեղադրված է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կիսանդրին: Մեկ այլ քանադկում արքեպիսկոպոսը «մարմնավորում է» Մաշտոցին եւ կանգնած է Տրդատ թագավորի եւ Գրիգոր Լուսավորչի կողքին:

Ահազանգ է ստացվել, որ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում ռումբ կա եւ այն պայթելու է

Երեւանի պետական համալսարանի անվտանգոթյան ծառայության պետը այսօր` մարտի 23-ին, ժամը 12:50-ի սահմաններում ահազանգել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի Նորք-Մարաշի բաժանմունք եւ հայտնել, որ քիմիայի ֆակուլտետի դեկանի հեռախոսին զանգ է ստացվել, որ ֆակուլտետում ռումբ է տեղադրված եւ պայթելու է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ֆակուլտետի ուսանողներին տարհանել են, դեպքի վայր են ժամանել Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները` վարժեցրած շներով, Երեւանի փրկարարական վարչության աշխատակիցները` վարչության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ:

Այս պահին քիմիայի ֆակուլտետում որոնողական աշխատանքներ են կատարվում: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը` Կենտրոնականի բաժնի նորանշանակ պետ, Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ալեք Մանուկյան փողոցում մեծ խցանում է առաջացել, երթեւեկությունը փորձում են բացել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Արսեն Արշակյանի գլխավորությամբ:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites