Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Feb 28, 2011

«Ժառանգությունը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը

Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանն օրերս կառավարող ուժերի առաջնորդների հետ հակասահմանադրական, ապօրինի հուշագիր է ստորագրել, որի նպատակն է շրջանցելով բոլոր օրենքները սեփական թեկնածությունը վաղաժամ առաջ քաշել նախագահական ընտրություններում: Նման հայտարարություն է արել Ազգային Ժողովի ամբիոնից ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Այդ քայլով Սերժ Սարգսյանն, ըստ էության, հայտարարեց հայ հասարակությանը. «Պետությունը ես եմ»: Այդ հուշագրի ստորագրմամբ ամրագրվում է Սերժ Սարգսյանի կառավարումը հետագա 7 տարվա համար, երբ շարունակվելու է ներկայիս հակաժողովրդական քաղաքականությունը, որը նպաստում է արտագաղթի աճին եւ տոտալ ապօրինություններին»,- հայտարարել է Հովհաննիսյանը` հավելելով, որ խորհրդարանում քաղաքական ուժերի խաթարված համամասնությունը կեղծված ընտրությունների արդյունքն է:

«Բայց անգամ ընդդիմության նման փոքր ներկայացվածությունը չի գոհացնում կառավարող ուժերին: Նրանք ցանկանում են ավելին, ստանալ ընդդիմության մի քանի մանդատները: Բայց մի անհանգստացեք, պարոնայք իշխանավորներ, այդ մի քանի մանդատները ստանալու համար անհրաժեշտություն չկա կեղծել հերթական ընտրությունները, վերցրեք, կերեք, ահա ձեզ ձեր ժառանգությունը»,- հայտարարել է «Ժառանգության» առաջնորդը` հիշեցնելով նաեւ հայ-թուրքական«սարսափելի» արձանագրությունների մասին, որոնք մնում են խորհրդարանի մեծ օրակարգում:

Հովհաննիսյանի այդ հայտարարությունը հարուցել է կառավարող կոալիցիայի պատգամավորների զայրույթը, սակայն դրանք արդեն լսելի չէին «Ժառանգության» պատգամավորներին, ովքեր իրենց առաջնորդի հայտարարությունից հետո լքեցին ԱԺ նիստերի դահլիճը: Դրանից անմիջապես հետո, ԱԺ նիստն ընդմիջվեց 20 րոպեով ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի առաջարկով:

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ. եւ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Կուսակցությունը 2007 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում ստացել է 7 մանդատ:

Ովքեր են մեղավոր վրացական համարանիշներով մեքենաների համար

Վրացական համարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծման հետ կապված աղմուկը հավանաբար մնաց հետեւում։ Կառավարությունը ոչ մեծ, բայց հաշվենկատ զիջման գնաց՝ չփոխեց օրենքն ու մաքսազերծման կարգը, սակայն հնարավորություն տվեց գումարը վճարել 6 ամսվա ընթացքում։

Բնականաբար՝ ավտոսեփականատերերի մի մասն այդ զիջումից բավարարված չէ, սակայն ակնհայտ է, որ բողոքի զանգվածային ակցիաներ այլեւս չեն լինի։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ բոլոր հիմքերն ունի հայտարարելու, որ պետք է ստիպեն ներմուծողներին՝ հարգել օրենքը, ինչպես որ դա արեց փետրվարի 25-ի ասուլիսի ընթացքում։

Սա միանգամայն արդարացված պնդում է։ Իսկապես, եթե կա օրենք, ու ավտոմեքենա ներմուծողների մեծ մասն այդ օրենքով է առաջնորդվում, ինչո՞ւ մնացյալ 4000 հոգին նույնն էլ չանեն։ Ինչո՞ւ ոմանք պետք է հնարավորություն ունենան ավտոմեքենաները ներմուծել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, որը հարկեր վճարելուց խուսափելու հնարավորություն է տալիս։

Սակայն այս պնդման մեջ մի փոքր թերություն կա։ Իրականում՝ «ժամանակավոր ներմուծումը» բնավ էլ օրենսդրական սողանցք չէ եւ չի եղել։

Հիշեցնենք՝ ըստ մաքսային օրենսգրքի՝ «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծված ապրանքները առավելագույնը 1 տարի հետո կրկին պետք է արտահանվեն։ Այդ ռեժիմը կարելի է երկարաձգել միայն շատ սահմանափակ դեպքերում։ Օրինակ՝ պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց եւ կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով ներմուծված ապրանքների համար։ Մինչ վերջին օրենսդրական փոփոխությունները՝ երկարաձգման հնարավորություն կար նաեւ ֆինանսական վարձակալության դեպքերում, սակայն այդ դրույթը օրենքից հանվել է։

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են կարողացել գյումրեցի կամ վանաձորցի վարորդները տարիներ շարունակ երկարաձգել ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների ժամկետը։ Կրկնում ենք՝ դրա օրենսդրական հնարավորությունները շատ սահմանափակ են, եւ ներկա դրությամբ էլ վերացված չեն։

Եզրակացությունը մեկն է՝ եղել են լուրջ կոռուպցիոն ռիսկեր։ Կառավարությունը կարողացավ շատ հմտորեն խուսափել կոռուպցիոն ռիսկերի մասին խոսակցություններից՝ ամբողջ մեղքը բարդելով ներմուծողների վրա։ Այդպես էլ անհասկանալի մնաց՝ ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում այն անձինք, որոնք առանց իրավական հիմքերի երկարաձգել են «ժամանակվոր ներմուծում» ռեժիմը 1 տարուց ավելի։ Չէ՞ որ առաջին հերթին այդ չինովնիկներն են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։ Բայց նրանք հիմա ստվերում են, իսկ վարորդները պետք է վճարեն։

Վարչապետը մի բանում ճիշտ է՝ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։ Բայց մեր կողմից հավելենք՝ «բոլոր» բառն իր մեջ ներառում է նաեւ բոլոր չինովնիկներին։

Feb 25, 2011

Ինչպես կավարտվեն շաքարավազի վերաբերյալ խոսակցությունները

Երեւանյան խանութներում իսկական շաքարավազային տենդ է սկսվել։ Մարդիկ, մոտալուտ թանկացումներից զգուշանալով, սկսել են շաքարավազ պահուստավորել։ Տնային տնտեսուհիների կենցաղային խոսակցություններում ամենատարածված հարցը հետեւյալն է՝ «որքա՞ն շաքար ունես տանը»։

Թեեւ մեր մոնիտորինգը խանութներում շաքարավազի թանկացում չհայտնաբերեց, մի շարք խանութներում, այնուամենայնիվ, շաքարավազ չկար։ Սակայն խոսել դեֆիցիտի մասին վաղ է՝ սուպերմարկետներում կարելի է ազատորեն շաքարավազ ձեռք բերել կգ-ը 360 դրամով։ Կան նաեւ առաջարկներ 345-ով, սակայն գնորդները դժգոհում են դրա որակից՝ չափից ավելի խոնավ է։

Որքանո՞վ հիմնավոր են շաքարավազի թանկացման մասին խոսակցությունները։ Բնականաբար՝ առաջին հերթին փորձագիտական հայացքն ուղղվում է դեպի միջազգային շուկա, որտեղից գալիս են հիմնական գնային ազդակները։ Այստեղ իրավիճակը փոփոխական է՝ շաքարավազը ժամանակ առ ժամանակ թանկանում, այնուհետ մի փոքր էժանանում է՝ պահպանելով սակայն բարձր գնային միջավայր։

Հայաստանում իրավիճակը կարող է էապես բարելավվել, եթե Ախուրյանի գործարանն ու Շիրակի մարզի գյուղացիները կարողանան համաձայնության գալ շաքարի ճակընդեղի գնի շուրջ։ Եթե որեւէ հաստատուն գնի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, ապա Հայաստանը կարող է զերծ մնալ միջազգային գների բացասական կարճաժամկետ ազդեցություններից։ Հայաստանի կառավարությունը գուցե նաեւ մտածի շաքարավազի արտահանումները արգելելու մասին։ Վրաստանում շաքարավազը մոտ 25 տոկոսով ավելի թանկ է, ուստի վրացի գործարարները ցանկանում են շաքարավազ ձեռք բերել Հայաստանում; Եթե դա մեծ ծավալների հասնի, ապա Հայաստանում ու Վրաստանում շաքարավազի գները կհավասարվեն՝ ի վնաս մեզ։

Շունն ու Կատուն նոր տարբերակում

Feb 24, 2011

Գուշակ առնետը

Գուշակ Պաուլ ութոտնուկը սատկեց, սակայն նրա գործը շարունակողներ կան:

Գուշակությամբ մեկ այլ հայտնի կենդանին` խաչաձև աչքերով պարկավոր առնետը` Խայդի անունով, «Օսկարի» մրցանակաբաշխությանն ընդառաջ գուշակել է, թե ով է լինելու լավագույն կնոջ դերի օսկարակիրը:

Գուշակությունը տեղի է ունեցել Գերմանիայում, ինչն ուղիղ եթերով ցուցադրվել է նաև Միացյալ Նահանգներում:

Օսկարի հինգ արձանիկներին ամրացվել էին «Լավագույն դերասանուհի» անվանակարգի հավակնորդների նկարներին, որոնց զննելուց ու հոտոտելուց հետո առնետ Խայդին կանգ է առել Նատալի Պորտմանի նկարով արձանիկի վրա:

Նատալի Պորտմանն «Օսկարի» է ներկայացվել «Սև կարապ» ֆիլմում բալետի պարուհի դերի համար:

Հատկանշական է, որ կինոքննադատները հենց Նատալի Պորտմանին են համարում լավագույն դերասանուհու անվանակարգում` «Օսկարի» արժանի թեկնածու:

2010-ի սիրելի անունները

2010-ին Հայաստանում ծնվել է 23 886 տղա եւ 20 924 աղջիկ:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից հայտնում են, որ ծնված տղաների անունների շարքում ամենատարածվածը շարունակում է մնալ Նարեկը (1199): Երկրորդ տեղում Դավիթ անունն է (1106), այնուհետեւ գալիս են Գոռը (741), Էրիկը (666), Արմանը (665), Հայկը (586), Սամվելը (527), Տիգրանը (521), Ալենը (505), Արթուրը (502):

Աղջիկների շրջանում ամենատարածված անունը եղել է Մանեն (923), այնուհետեւ գալիս են Միլենան ու Անին (715-ական), Էլենը (698), Նարեն (606), Աննան (577), Մարիամը (501), Մերին (456), Մարին (384), Եվան (383):

Շաբաթվա միջոցարումների ցանկ. Լեռնցի

«Այս շաբաթ «ՄԱՆԱՆԱ» ծրագրի շրջանակներում կարող եք մասնակցել հետևյալ հանդիպումներին և Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները գտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների օգնությամբ.

Փետրվար 24, հինգշաբթի, ժամը 18:30
Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքին կից սրահ
թեման` «Հայ Եկեղեցու Հավատամքը»
բանախոս` Տ. Մարկոս քահանա Մանգասարյան

Փետրվար 26, շաբաթ, ժամը 14:30
Էջմիածնի Սուրբ Գայանե վանքին կից սրահ
թեման` «ԵԿԵՂԵՑԻ»
բանախոս` Արթուր սարկավագ Սարգսյան

Փետրվար 27, կիրակի, ժամը 14:30
Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու երիցատուն
թեման` «ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՓՐԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
բանախոս` Տ. Անդրեաս աբեղա Եզեկյան

Փետրվար 27, կիրակի, ժամը 14:30
Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու կից սրահ
թեման` «ՄԵԾ ՊԱՀՔ. ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ»
բանախոս` Գևորգ սարկավագ Ալավերդյան

Փետրվար 27, կիրակի, ժամը 15:00
Նոր Նորքի Հայորդյաց տուն (Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտի դիմաց)
թեման` «ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»
բանախոս` Գեղամ սարկավագ Ավետիսյան

«ՄԱՆԱՆԱ» ծրագրի քննարկումներին կարող ես մասնակցել նաև Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում` ուրբաթ օրերին, ժամը 18:30-ին և Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կից սրահում` շաբաթ օրերին, ժամը 15:30-ին:

Հատուկ Ռոքի սիրահարներին

Փետրվարի 27-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա ռոք-փառատոն «Зима-Весна Ереван» խորագրով: Համերգին կմասնակցեն "Warm Rain", "Fair Wind", "Pink City Blues Band" և այլ հայկական խմբե:Այսպիսով փետրվարի 27-ին, ժամը 15:00, Ազատության հրապարակ:

Feb 23, 2011

Տիգրան Սարգսյանի նվերը կանանց

Եթե տարիներ անց սերունդներն ուսումնասիրեն ՀՀ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի գործունեությունը, կեզրակացնեն, որ ամենալավ նա «աշխատել» է օրացույցի հետ` մեռելոցներ է սահմանել, աշխատանքային օրերի տեղափոխություններ կատարել, տոնացույցը ամենայն բարեխղճությամբ պահպանել ու պրոպագանդել:

Ասենք, Ամանորին 10-օրյա հանգիստը նրա օրոք է հիմնվել: Հիմա էլ որոշել է, որ հայ կանայք արժանի են մարտի 8-ի կապակցությամբ չորս օր հանգստանալու նվերին. մարտի 7-ը հայտարարել է ոչ աշխատանքային, քանի որ մարտի 8-ը երեքշաբթի է: Իսկ 7-ի փոխարեն կաշխատեն շաբաթ օրը:

Նոր բաժնետիրոջ է վաճառվել «Սթարի» 100% բաժնեմասը

«Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի նոր բաժնետերը կդառնա Viest Assets Ltd-ն, որը գրանցված է Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (British Virgin Islands): Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Բանակցությունները ՍԹԱՐ առևտրային ցանցի ներկայիս բաժնետերերի հետ արդեն ավարտված են, իսկ իրավաբանական ձևակերպումները դեռևս ընթացքում են:

«Ընկերության ձեռքբերման քննարկումներին նախորդել են բանակցություններ վարկատու բանկերի հետ, որի արդյունքում «Սթարի» ֆինանսական ողջ պարտքը կվերակառուցվի»,- ասել է առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը: Նոր բաժնետերը, առաջիկա 3 ամիսների ընթացքում պարտավորվել է կատարել 5-10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում բաժնետիրական կապիտալի և պարտքի տեսքով, որը ուղղված կլինի ընկերության շրջանառու կապիտալի հզորացմանը և հետագա զարգացմանը:

«Ընկերության պարտավորությունները բոլոր մատակարարների նկատմամբ մնում է ուժի մեջ, որոնց մարման վերաբերյալ ընկերության ղեկավարությունը բանակցությունների նոր փուլ կսկսի մատակարարների հետ»,- ասել է Քերոբյանը:

Ըստ հաղորդագրության՝ բաժնետերերի փոփոխման արդյունքում փոփոխություններ տեղի չեն ունենա «Սթար» առևտրային ցանցի ղեկավար անձնակազմում: Նախկինում քննարկված և ընկերության կողմից կազմված զարգացման և ընդլայնման պլանները կմնան անփոփոխ. 2011թ. «Սթարը» կբացի ևս 12 խանութ Երևանում և մոտակա քաղաքներում:

Ենթադրվում է, որ իրավաբանական ձևակերպումները կավարտվեն 1 ամսվա ընթացքում: Մոտ ապագայում ընկերությունը կհրավիրի մամուլի ասուլիս, որի ընթացքում կհրապարակվեն գործարքի մանրամասները և ընկերության զարգացման պլանները:

Ինչպես են ապրել Հայաստանի ու Թուրքիայի տարածքում մ.թ.ա. 6000 տարի առաջ. կպարզի Ամերիկացի գիտնականը

ԱՄՆ Քոնեքթիքութ համալսարանի պրոֆեսորի օգնական Ալեքսիա Սմիթն ստացել է հեղինակավոր դրամաշնորհ է ստացել Հայաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի տարածքում բուսաբանական հետազոտություններ անցկացնելու համար:

ԱՄՆ ազգային գիտական հիմնադրամը 400 հազար դոլարի դրամաշնորհ է հատկացվել, որպեսզի հետազոտվի, թե ինչպես են այդ տարածքում ապրած հին մարդիկ օգտագործել բույսերը սննդի մեջ:

Հետազոտությունը կփորձի պարզել, թե ինչպես են հին մարդիկ բուսականություն աճեցրել մ.թ.ա 6000-ից 550 տարի առաջ:

Հետագայում Սմիթը նախատեսում է պահպանված բույսերի նմուշները տեղափոխել իրենց համալսարան՝ հետազոտության համար:

Հայաստանում կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

Հայաստանում փետրվարի 23-ին, ժամը 9-ի դրությամբ փակ եւ դժվարանցանելի են մի շարք ճանապարհներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են եղել Տավուշի մարզի Բերդ եւ Ճամբարակ քաղաքների, նաեւ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի ճանապարհները: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Թթուջուր, Ձորագլուխ եւ Երնջատափ գյուղերի ճանապարհները:

Այդ ժամի դրությամբ Արագածոտնի մարզում աշխատել է 8 միավոր տեխնիկա, Սյունիքի մարզում` 11, Գեղարքունիքում եւ Կոտայքում` 3-ական միավոր տեխնիկա:

Յոթ տարի է անցել Գուրգեն Մարգարյանի կացնահարումից

Յոթ տարի է անցել Բուդապեշտում տեղի ունեցած ահասարսուռ սպանությունից: 2004-ի փետրվարի 19-ին՝ առավոտյան ժամը 5:30-ին, քնած ժամանակ դաժանաբար կացնահարվեց 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը: Հանցագործը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովն էր: Նույն օրը ոճրագործը մահափորձ էր կատարել նաև Հայաստանի զինված ուժերի մեկ այլ սպայի նկատմամբ, որը կանխվել էր: Նրանք երկուսն էլ մեկնել էին Հունգարիա սովորելու՝ մասնավորապես մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին:

Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը հետո պատմել է, որ նույն հարկում ապրում էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ այդ թվում ադրբեջանցին: Գուրգենի ու ադրբեջանցու, և ընդհանրապես խմբի անդամների միջև որևէ անգամ կոնֆլիկտ չի եղել: Հունգարացու պատմելով` միջազգային հակամարտության թեման քննարկվել էր միայն մեկ անգամ՝ առաջին օրը, դրանից հետո ոչ ոք այդ մասին ոչինչ չի ասել:

Բալաշը պատմել է նաև, որ փետրվարի 18-ի երեկոյան ինքը թեյել է, գնացել քնելու, Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը: Թե երբ է վերադարձել, հունգարացին չի զգացել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ որ մեկը վառել է լույսը: Մտածել է՝ Գուրգենն է, հետո լսելով խլացված ձայներ` շրջվել է, ու տեսել ադրբեջանցուն՝ մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ:
«Այդ ժամանակ ես հասկացա, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի բղավել, որ ադրբեջանցին դադարեցնի գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ ձեռք չի տա: Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր մի գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ»,-պատմել է հունգարացին:
Լեյտենանտի սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնում է մյուս հայ սպայի սենյակը՝ նրա հետ էլ գործը ավարտելու նպատակով: Միջանցքում նա հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, Ռամիլը նրան առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային: Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվել հանդարտեցնել:
Ադրբեջանցին արյունոտ կացինը ձեռքին մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել: Չկարողանալով կոտրել դուռը, նա սկսել է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը: Կիսաքնած Մակուչյանը մոտեցել է դռանը` բացելու այն: Բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրոդ անգամ է փրկում հայ սպայի կյանքը: Նա կանգնեցնում է հայ սպային` մտածելով, որ Սաֆարովը կարող է զինված լինել: Կասկածները փարատելու համար նա զանգում է նույն միջանցքի սենյակներից մեկում ապրող իր հայրենկցին` խնդրում ստուգել, թե ինչ է կատարվում:

Մինչ այդ Սաֆարովը արյունոտ կացինը ձեռքին սկսում է խելակորույս մյուս սենյակներում փնտրել Հայկին, բոլորին ասում է, որ բացի հայի արյունից իրեն ոչինչ պետք չէ: Այդ ժամանակ մյուս լիտվացին ու ոստիկանության աշխատակիցները մոտենում են:

Ոստիկանության աշխատակիցներին արյունարբու Սաֆարովն ասում է, որ իր վրեժխնդրությունն ինչ որ մեկի դեմ չէ, այլ ողջ հայ ազգի:

Նշենք, որ Ոստիկանությունն էլ քաղաքական մոտիվացիա տվեց սպանությանը: Սաֆարովը դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Այդ օրը Հայաստանի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունները հայտարարություն տարածեցին, որով իրենց զայրույթն էին արտահայտում կատարվածի վերաբերյալ:

«Այս հանցագործությունը տրամաբանական հետևանքն է Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ ի վեր սանձազերծված հակահայկական հիստերիայի և վերջին ամիսների ռազմատենչ քարոզչության, որով հետևողականորեն վարակվում է ադրբեջանական ողջ հասարակությունը:
Ակնհայտ է նաև, որ նման պետական քաղաքականությունն անցել է այն եզրագիծը, որից այն կողմ արտասահմանում Ադրբեջանը ներկայացնող պաշտոնական անձինք սառնասրտորեն մարդասպանություն են գործում»,-ասված էր ԱԳՆ հայտարարությունում:

Feb 22, 2011

Կադաֆին փախել է

Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, Լիբիայի նախագահ Մուամմար Կադաֆին հեռացել է երկրից և այժմ գտնվում է Վենեսուելայում:

Մուամմարի որդին` Սայֆ ալ-Իսլամ Կադաֆին հայտարարել է, որ բախումների արդյունքում նշվող զոհերի թիվը չափազանցված է: Ինչպես հաղորդում է Ալ-Ջազիրան, կրտսեր Կադաֆին նշել է 14 զոհի մասին մայրաքաղաք Տրիպոլիում և 84` Բենգազիում:

Կադաֆին նշել է, որ այս ցույցերն ուղղորդվում են դրսից և նպատակ ունեն մասնատել Լիբիան: Նա ցուցարարներին մեղադրել է ալկոհոլ և թմրանյութ օգտագործելու համար: Նրա խոսքով, ցուցարարների ձեռքն է անցել ռազմական մի շարք բազաներ և ռազմական տեխնիկա, այդ թվում տանկեր: Ավելի վաղ նշվում էր, որ ռեժիմի հակառակորդների կողմն են անցնում լիբիական բանակի առանձին զորամիավորումներ:

Փետրվարի 20-ին հրաժարական է տվել Արաբական երկրների լիգայի կազմակերպությունում Լիբիայի դեսպան Աբդել Մոնեիմ ալ-Հոնին և հայտարարել է “հեղափոխությանն” աջակցելու մասին:

Կադաֆիի հեռանալու պահանջով են հանդես եկել նաև մի շարք ցեղերի առաջնորդներ, որոնք նախկինում աջակցում էին Կադաֆիին:

Լիբիայում մի քանի օր շարունակվող բախումների հետևանքով արդեն զոհվել է 200-ից ավելի մարդ:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites